ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է երկկողմ հանդիպման ընթացքում քննարկված պայմանավորվածությունների մանրամասները:
«Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը միասին շատ բանի են հասել։ Խաղաղությունը չի ստեղծվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի ստեղծվում անցյալում, խաղաղությունը ստեղծվում է ապագայում։ Հայաստանի վարչապետը, աշխատելով իմ և նախագահ Թրամփի հետ, մենք միասին Հայաստանի համար ոչ միայն խաղաղություն ենք կերտում, այլ նաև բարգավաճում ենք ԱՄՆ-ի հետ միասին։ Ես անկեղծորեն համոզված եմ, որ այսօրը նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ու գործընկերության համար», – ընդգծել է նա։
Made in Armenia: Nvidia-ի բացառիկ չիպերը
«ԱՄՆ-ը հպարտությամբ հաստատել է մի շարք լիցենզիաներ Nvidia ընկերության համար։ Ի՞նչ է սա նշանակում։ Նոր շուկաներ, նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար։ Սրանք այնպիսի չիպեր են, որոնք աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն և չեն կարող գոյություն ունենալ։ Այժմ դրանք կառուցվելու են այստեղ և արդեն իսկ կառուցվում են այստեղ՝ Հայաստանում», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ելույթում նշել էր, որ հաստատվել է Nvidia ընկերության կողմից արտադրված գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի դեպի Հայաստան արտահանման թույլտվությունների տրամադրումը։
9 մլրդ դոլարի ներդրումներ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակում
«Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ մեր պետություններն ավարտել են բանակցությունները քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում «123» համաձայնագրի շուրջ։ Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան և հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Դա նշանակում է մինչև 5 մլրդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած լրացուցիչ 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով: Սա դասական փոխադարձ շահեկան տարբերակ է: Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և դա նաև, կարծում եմ, նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Դա նաև ստեղծելու է բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում: Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր», – ընդգծել է Վենսը:
«Սա այն դեպքն է, երբ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է իրեն այսքան վստահ զգում, որ կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր», – շեշտել է նա:
TRIPP-ը՝ որպես տարածաշրջանում արմատական տրանսֆորմացիայի գրավական
«TRIPP նախագիծը կհանգեցնի այս տարածաշրջանում արմատական տրանսֆորմացիայի։ Կբացվի նոր աշխարհ միջազգային առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ոլորտում, կապահովվի աննախադեպ կապ Հայաստանի և հարևան երկրների միջև», – ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ էներգետիկայի, տնտեսության և այլ ոլորտների փոխկապակցվածությունը ոչ միայն կծառայի Հայաստանի ժողովրդի բարգավաճման, այլև կնպաստի խաղաղության գործընթացին։
«Սա օգնում է նրան, որ մենք ոչ թե պարզապես ցանկանանք խաղաղություն ստեղծել, այլ որ ստեղծված խաղաղությունը լինի կենսունակ և պահպանվի», – ասել է նա՝ հավելելով, որ այդ փոխկապակցվածության ստեղծման համար կներգրավվի մեծ քանակությամբ մասնավոր կապիտալ։
11 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր
«Նախագահ Թրամփը քաջ գիտակցում է, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցը ռազմական ոլորտի լավագույն տեխնոլոգիաների տարածումն ու տեղակայումն է, և ԱՄՆ-ն ունի դրանք: Եվ հիմա մենք հաստատել ենք Հայաստանին 11 մլն դոլար արժողությամբ հետախուզական անօդաչու տեխնոլոգիաների վաճառքը», – ասել է Վենսը՝ ընդգծելով, որ ստեղծվելիք խաղաղությունը կլինի կայուն:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցված է կիրառման հարուստ փորձով և որոնք էապես կնպաստեն երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:
Նովոստի-Արմենիա
