Логотип

A haber-ը նշել Է Վրաստանում С-130-ի աղետի հնարավոր պատճառը

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 ինքնաթիռի՝ Վրաստանում կործանման պատճառը կարող էր լինել երկու շարժիչների հաջորդական խափանումը։ Բացի այդ, ինչպես հայտնում է A haber հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը, հրթիռի բախման կամ անօդաչու թռչող սարքի հարվածի վարկածները դեռևս փաստական հաստատումներ չեն ստացել։

Ենթադրվում է, որ թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը հանկարծակի դադարել է աշխատել և պտուտակը շարունակել է պտտվել հանդիպակաց օդային հոսքի մեջ՝ հասնելով անվերահսկելի արագության։ Սա դժվարացրել է ինքնաթիռի կառավարումը։ Որոշ ժամանակ անց մյուս թևի շարժիչներից մեկը խափանվել է յուղի ճնշման պահպանման համակարգի անսարքության պատճառով։ Այս շարժիչը, ի վերջո, ջարդվել է՝ տատանումների պատճառով։

Ենթադրվում է, որ շարժիչի պոկված մասերը վնասել են ֆյուզելաժը և ղեկավարման համակարգերը։ Սա, ի վերջո, հանգեցրել է պոչամասի և ինքնաթիռի խցիկի օդում անջատմանը։ Միաժամանակ, համարվում է, որ վթարային իրավիճակն այնքան արագ է առաջացել, որ օդաչուները չեն հասցրել աղետի ազդանշան տալ, քանի որ արագ կերպով փորձել են կայունացնել ինքնաթիռը։

Հեռուստաալիշը նշում է, որ շարունակվում է C-130 ինքնաթիռի բորտային ինքնագրիչների ձայնագրությունների ուսումնասիրությունը, որոնք փոխանցվել են Թուրքիայի մասնագետներին։ Հետագայում այս և աղետի վերաբերյալ այլ տվյալներ կուղարկվեն նաև ինքնաթիռն արտադրող Lockheed Martin ընկերությանը։ Նրա մասնագետները կմոդելավորեն աղետը, կվերստեղծեն օդանավի կործանմանը հանգեցրած իրավիճակը, կուսումնասիրեն կատարվածի հանգամանքները և հավանական պատճառները։

A haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ արտաքին միջամտության, C-130 ինքնաթիռին հրթիռի բախման կամ անօդաչու թռչող սարքի հարվածի վարկածները փաստական հաստատումներ չեն ստացել։ Ֆյուզելաժի բեկորների վրա դեռևս չեն հայտնաբերվել անցքեր կամ պայթուցիկ նյութերի այրման հետքեր, որոնք կարող էին մատնանշել դեպքի այդ վարկածները։

News.am