Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ գերիների կալանավորումը որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործել։
Նա կոչ է արել Վաշինգտոնին ակտիվացնել ջանքերը՝ Բաքվում անօրինական կալանքի տակ գտնվող առնվազն 19 հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար։
Կազմակերպությունն ընդգծել է, որ վերջերս տեղի ունեցած գերիների փոխանակումը հաստատում է «պատանդների դիվանագիտության» պրակտիկան, և որ կալանավորվածները ենթարկվում են դաժան վերաբերմունքի և կեղծ դատավարությունների։ Հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին ակտիվացնել ջանքերը այդ երևույթին վերջ դնելու համար։
«Ադրբեջանին չպետք է քողարկում կամ անպատժելիություն տրվի հայ գերիների շարունակական կալանավորման և նրանց նկատմամբ բռնության համար։ Գերիների փոխանակումը ցույց է տալիս Բաքվի կողմից «պատանդների դիվանագիտության» կիրառումը՝ քաղաքական զիջումներ կորզելու համար»,- ասված է ANCA-ի հայտարարության մեջ։
Կազմակերպությունն ընդգծել է, որ 19 հայ շարունակում է ենթարկվել խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, զրկվել հիմնական իրավունքներից և ենթարկվել կեղծ դատավարությունների՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված մեղադրանքներով։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Դոնալդ Թրամփի վարչակազմին հասնել բոլոր հայ գերիների ազատ արձակմանը, իսկ Կոնգրեսին՝ ընդունել «Հայաստանի անվտանգության գործընկերության մասին» օրենքը (H.R. 6840) և «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման մասին» օրենքը (H.R. 5369):
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Ադրբեջանն ավելի վաղ բացառել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստանին փոխանցելու հնարավորությունը:
Armenia Today
