«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրեց «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է ավտոսիրողների ուշադրությունը հրավիրել երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա:
Ակցիան կազմակերպել է ՀԿԵ–ն՝ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ։ Ավտովարորդներին տրվել են երկաթուղային գծերի անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ։ Ակցիան անցկացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում, ամենաինտենսիվ երթևեկությամբ գծանցներում։
«ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքներում գործում է երկաթուղային գծանցներով 103 անցում, որից 37 – ը ՝ կարգավորվող (այսինքն՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցները հագեցված են ազդանշանային միջոցներով) և 73 – ը ՝ չկարգավորվող:
2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ 2021 թվականի համեմատությամբ միջադեպերի թիվը փոքր–ինչ նվազել է, սակայն բոլոր դեպքերում վարորդները անտեսում են երկաթուղային գծերը հատելու կանոնները։
Անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ–ում զգալիորեն աճել են գնացքների երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղևորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչև 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների:
Այնուամենայնիվ, մեր որոշ համաքաղաքացիներ չեն մտածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքների կամ անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների մասին և շարունակում են անփույթ վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անփութության գինը մարդկային կյանքն ու առողջությունն է:
«2023 թվականի սկիզբը նշանավորվեց երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թվի աճով։ Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Հարկ է նշել ՃՏՊ–ի հետևանքների ծանրության աստիճանը։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ։ ՀԿԵ–ի հետևողական աշխատանքը չարտոնված անցումները վերացնելու ուղղությամբ, ցավոք, շոշափելի արդյունք չի տալիս, և նման անցումների շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՃՏՊ–ների: Երկաթուղային շարժակազմի և ավտոմեքենայի քաշի անհամեմատելիությունը անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետևանքների, առաջին հերթին հենց ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոմեքենաների ուղևորների համար», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:
Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:
