Логотип

BAFA-ն ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Արդեն մեկ տարի է, ինչ Ֆրանսիայում գործող BAFA (Business Association Franco-Armenienne) Հայ-ֆրանսիական բիզնես ասոցիացիան մեծ հաջողություններ է գրանցում հայ մասնագետների և տարբեր երկրների մասնագիտական ​​համայնքների միջև գործնական հարաբերություններ հաստատելու գործում: Այն հիմնադրվել է ֆրանսահայ կին-ձեռներեցների կողմից, ովքեր անխոնջ աշխատում են արտերկրի, Սփյուռքի և Հայաստանի միջև մասնագիտական ​​և գործարար կամուրջ հիմնելու ուղղությամբ։

2025 թ BAFA-ն հաջողությամբ անցկացրեց երկու խոշոր մրցանակաբաշխություն, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում մասնագետների ներդրումը գնահատելուն: Առաջին միջազգային մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ գարնանը Փարիզի անվանի և ամենաշքեղ դահլիճներից մեկում՝ Intercontinental-ում և միավորեց տարբեր երկրների հայտնի ձեռներեցների, ներդրողների, ազդեցիկ առաջնորդների, Ֆրանսիայի ականավոր քաղաքական և հասարակական գործիչների: Մասնակիցների զգալի մասը հայեր էին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ավանդական և ժամանակակից ձեռներեցության զարգացման գործում:

ՕՐԵՐՍ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ՝ BAFA GLOBAL HEALTH AWARDS-Ը, որը կրկին տեղի ունեցավ Intercontinental-ում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում էին բժշկության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն, ովքեր զգալի ներդրում ունեն գիտության զարգացման գործում, աչքի են ընկել նորարարություններով, դաստիարակել են արժանի մասնագետների սերունդ և շարունակում են զբաղվել իրենց սիրած գործով ի օգուտ համայն մարդկությանը: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է BAFA-ի հիմնադիր Աննա Կարոլինա Վլասյանը՝ համահիմնադիրներ Տաթևիկ Էվինյանի և Արտյոմ Աղաջանյանի հետ համատեղ: Ինչպես նշեց Աննա Կարոլինան, BAFA-ն ձգտում է ընդհանուր եզրեր գտնել մասնագիտական տարբեր ոլորտներում և ներդրումներ իրականացնել Հայաստանի տարբեր ոլորտներում։ Այն նպատակ ունի տարբեր երկրների բժիշկների միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ​​, որպեսզի հայ մասնագետներն ու ընկերությունները կարողանան դուրս գալ միջազգային ասպարեզ:

«Եթե առաջին մրցանակաբաշխությունը մենք նվիրել էինք բիզնեսին և ձեռներեցությանը, որոնք ցանկացած ոլորտի կարևոր բաղադրիչներն են, ապա այս անգամ BAFA-ի ուշադրության կենտրոնում էին բժիշկներն՝ աշխարհի ամենակարևոր ոլորտներից մեկի ներկայացուցիչները, – ասաց Աննա Կարոլինան: – Մեր նախաձեռնությունն անմիջապես լայն արձագանք գտավ աշխարհի բժիշկների շրջանակներում ու միավորեց Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Հայաստանի և այլ երկրների մասնագետների: Ամեն մասնակից ունի մեծ հեղինակություն ու նվաճում իր ոլորտում, զգալի հետք է թողել գիտության մեջ»:

BAFA Global Health մրցանակաբաշխության 22 մասնակից-բժիշկները ներկայացնում են բժշկության տարբեր ոլորտներ՝ սրտաբանություն, ատամնաբուժություն, ուռուցքաբանություն, գինեկոլոգիա, վերարտադրողական բժշկություն, ավանդական չինական բժշկություն, փոխպատվաստում և այլն։ Ժան Մարկ Այուբին Ֆրանսիայի ամենահեղինակավոր գինեկոլոգ-ծննդաբաններից է, նա վերարտադրողական վիրաբուժության ասպարեզում ունի միջազգային ճանաչում։ Ժան Ժակ Քիլաջյանը կլինիկական դեղագիտության պրոֆեսոր, արյունաբան-խորհրդատու և Փարիզի Սեն Լուի հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, պրոֆեսոր Կուրդ Բոլենը (Բելգիա) լայն ճանաչում ունի ատամնաբուժության, պարոդոնտոլոգիայի և իմպլանտոլոգիայի ոլորտում։ Մրցանակաբաշխության մասնակիցներից էին նաև ուռուցքաբանության պրոֆեսոր Ժակ Օլիվեր Բեյը (Ֆրանսիա), վիրաբույժ, սրտանոթային վիրաբուժության մասնագետ Սառա Համդին (Ֆրանսիա), պրոֆեսոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը (Հայաստան), American Healthcare Systems-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մայք Սարյանը (ԱՄՆ), իմունոլոգիայի, ռևմատոլոգիայի և ներքին բժշկության պրոֆեսոր Արսեն Մեքինյանը (Ֆրանսիա) և ուրիշներ։ BAFA Global Health-ի մասնակիցներից յուրաքանչյուրը հայտնի է իր երկրի սահմաններից դուրս և, բացի գործնական աշխատանքից զբաղվում է նաև հետազոտություններով։

BAFA-ի մասնակից՝ ականավոր գիտնականներից մեկը գինեկոլոգ Ժան-Մարկ Այուբին է։ Նա ոչ միայն փայլուն պրակտիկ մասնագետ է, ով բարձր արդյունքների է հասել կանացի հիվանդությունների բուժման ոլորտում, այլ նաև ճանաչված գիտնական, ով բազմաթիվ անգամ հանդես է եկել նորարարական մոտեցումներով։ 2019 թ․ նա կատարեց արգանդի առաջին փոխպատվաստումը Ֆրանսիայում և 2021 թ․ փետրվարին հանդիսացավ իբրև պատասխանատու այս փոխպատվաստումից հետո առաջին բեղմնավորման և երեխայի ծննդյան հարցում։ Նրա գործունեությունը էական ազդեցություն է ունեցել կանանց առողջության, մինիմալ ինվազիվ գինեկոլոգիական վիրաբուժության և նորագույն վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացման վրա։ Նրա գիտական ​​հոդվածներն ու հետազոտությունները հրապարակվել են հեղինակավոր միջազգային բժշկական ամսագրերում։ Պրոֆեսոր Այուբին մասնակցում է միջազգային գիտաժողովների որպես բանախոս, փորձագետ և նորարարությունների միջազգային խորհրդատու։ Նա դաստիարակել է բազմաթիվ երիտասարդ բժիշկների, որոնք այսօր աշխատում են Ֆրանսիայում ու Եվրոպայում։

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՈՒՐՋ 40-ԱՄՅԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 25 տարիները ներառում են բժշկագիտական և ուսումնական աշխատանքներ; Պրոֆեսորն իր մասնագիտական փորձն ու գիտելիքները փոխանցել է հազարավոր ուսանողների և կլինիկական օրդինատորների։ Նրա ղեկավարությամբ մի շարք երիտասարդ բժիշկներ պաշտպանել են ատենախոսություններ և ստացել գիտական կոչումներ։ Ներկայումս նա ղեկավարում է դեմքի էսթետիկայի և ստոմատոլոգիական իմպլանտացիայի թեմաներով գիտահետազոտական աշխատանքներ, որոնք շուտով կամփոփվեն նրա ղեկավարած ամբիոնի երեք դասախոսների ատենախոսություներում: Ավելի քան 120 գիտական ​​հոդվածների հեղինակ, որոնց մեծ մասը հրապարակվել են հեղինակավոր միջազգային գիտական​​ամսագրերում, Գագիկ Հակոբյանը նաև հեղինակել է 4 ուսումնական ձեռնարկ, որոնցով ուսանում են ԵՊԲՀ-ի ուսանողները և կլինիկական օրդինտորները։ Նրա 2 աշխատությունները հրատարակվել են անգլերեն լեզվով՝ Դյուսելդորֆում և Լոնդոնում։

«Մրցանակաբաշխության մասնակիցները շնորհավորեցին կազմակերպիչներին և նրանց գործընկերներին, շնորհակալություն հայտնեցին բոլորին, ովքեր նախաձեռնել են նման կարևոր միջոցառում: Նրանք նշեցին, որ նման միջոցառումը ոչ միայն իրենց աշխատանքի լավագույն գնահատանքն է, այլ նաև օգնում է բժշկության տարբեր ոլորտների մասնագետների միջև ստեղծել ցանցային կապեր, – շարունակեց Աննա Կարոլինան: – Մեր նպատակն է միավորել աշխարհի հայերին, նպաստել հայ բժիշկների և միջազգային գործընկերների միջև խորը մասնագիտական ​​երկխոսությանը: Մենք նախատեսում ենք ընդլայնել մրցանակաբաշխության շրջանակը և ստեղծել պայմաններ, որպեսզի BAFA Global Health-ի մասնակիցներն այցելեն Հայաստան, անցկացնեն խորհրդատվություններ և գործնական աշխատանք ծավալեն երկրի հիվանդանոցներում»:

Աննա Կարոլինայի խոսքով, երեկոն առանձնանում էր իր փառահեղ ընթացքով և բացառիկ շքեղ մթնոլորտով: Ներառված էր նաև մշակութային ծրագիր, որին մասնակցում էին պատվավոր հյուրեր և հայտնի արվեստագետներ, այդ թվում՝ անվանի երգչուհիներ Էլեն Սեգարան, Ռոզի Արմենը, նաև Ջո Դասենի որդին՝ երգիչ Ժուլիեն Դասենը, որը հռչակավոր հոր երգացանկից կատարեց երկու երգ։

«Մենք մի ավանդույթ ունենք՝ յուրաքանչյուր մրցանակաբաշխության ժամանակ ընտրում ենք մշակութային խորհրդանիշ։ Այս տարի դա լեգենդար երգիչ Ջո Դասենն էր, որի անվանական մրցանակը մենք հանձնեցինք նրա որդուն։ Բելգիացի երգիչ Տիգրան Խանջարյանը կատարեց իտալական երգեր, ելույթ ունեցան նաև այլ երաժիշտներ, – ասաց Աննա Կարոլինան: – BAFA-ն տարբերվեց շատ առումներով, բայց ամենակարևորը՝ այն կրկին բարձրացրեց իր նշաձողը՝ արժևորելով կյանքի, գիտության և առողջապահության կարևորությունը։»:

«Սա շարունակական նախագիծ է, և որպես արվեստագետ ես ուրախ եմ, որ BAFA մրցանակաբաշխությունը ոչ միայն ունի մշակութային բաղադրիչ, այլև միտված է պատվել և գնահատել մարդկության զարգացման համար կարևոր նշանակություն ու մեծ ներդրում ունեցող մասնագետների, – ասաց ֆրանսահայ ճանաչված կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանը: – Ես անձամբ մրցանակ հանձնեցի այս ականավոր բժիշկներից մեկին, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Երեկոյին գեղեցիկ անակնկալ մատուցեց երգչուհի Հելեն Սեգարան՝ կատարելով «Դլե յաման» երգը դուդուկահար Արտյոմ Մինասյանի նվագակցությամբ»։

BAFA-ի կազմակերպիչները խորին երախտագիտություն հայտնեցին Ֆրանսիային՝ մշտապես իրենց կողքին լինելու, վստահելու և նախաձեռնություններին աջակցելու համար։ Աննա Կարոլինայի խոսքով, այս մեծ գործը հնարավոր դարձավ բազմաթիվ քաղաքական, մշակութային, սպորտային և հասարակական գործիչների շնորհիվ, որոնց ներկայությունն ու աջակցությունը բարձրացրեցին միջոցառման արժեքն ու ազդեցությունը։ Գործընկերներն են ARMAT, Dolce Travel, THREEON, AlloPro4You, Group Coffea Deuis 1968, LA’s Best Marketing, Maison Vemian, Lux Art Production, Autre Vue կազմակերպությունները, որոնք կարևորագույն դերակատարում ունեցան միջոցառման կայացման գործում։ Հատուկ շնորհակալություն հայտնեցին նաև BAFA-ի բացառիկ անձնակազմին, որն ամիսներ շարունակ անխափան աշխատեց նախագծի վրա։

Հավելենք, որ այս անգամ մրցանակը մի արձանիկ էր՝ Հիպոկրատի կիսանդրու տեսքով, ում երդմանը միշտ հավատարիմ են մնում BAFA Global Health-ի մրցանակակիրները։