Логотип

CWR․ ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԵ-Ի ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՃՆՇՄԱՆԸ

Միջազգային իրավապաշտպանները կոչ են արել Թրամփի վարչակազմին զգուշացնել Հայաստանի կառավարությանը ավտորիտարիզմի մեջ ընկնելու դեմ՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ սրվող ճնշումների ֆոնին, գրել է The Catholic World Report-ը։

«Իրականությունն այն է, որ կառավարության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ մեկ տարուց ավելի սկսված արշավը շարունակվում է մինչ օրս», փետրվարի 26-ին Կապիտոլիումի բլրի վրա Ազգային պաշտպանության դաշինքի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասել է դեսպան Ալբերտո Ֆերնանդեսը։

Լսումները նվիրված էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվող ճնշումների հետևանքներին։ Այս միջոցները վերջերս ներառել են եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին ներկայացված մեղադրանքը, մի քանի եպիսկոպոսների բանտարկությունը և երկրից դուրս նրանց ճանապարհորդությունների սահմանափակումները։

 Ֆերնանդեսը կաթողիկոսի Ավստրիա մեկնելու արգելքը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու համար անվանել է իրադարձություն, որը «պետք է շատ ավելի մեծ ուշադրություն գրավի»։

Կաթողիկոսի համար Փաշինյանի կողմից սահմանված սահմանափակումները հաջորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 2025թ․ դեկտեմբերի 10-12-ը նախատեսված հանդիպումը հետաձգելու և այն արտասահման տեղափոխելու որոշմանը՝,ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ «հոգևորականության նկատմամբ բռնաճնշումների» պատճառով։

Ֆերնանդեսը կոչ է արել Փաշինյանի կառավարությանը դադարեցնել Առաքելական եկեղեցու դեմ արշավը. «Նրանք չեն կարող նստել երկու աթոռի վրա՝ հայտարարելով լիբերալ Արևմուտքի մաս կազմելու և ամերիկամետ լինելու իրենց ցանկության մասին, միևնույն ժամանակ պատճենելով Էրդողանի ռեժիմի [Թուրքիայում] կամ Ասադի [Սիրիայում] կամ ձեր ընտրած ցանկացած այլ բռնապետի կրոնական չափանիշները»։

«Այստեղ ակնհայտ է մի հիմնարար հակասություն, որը պետք է լուծվի»,- ընդգծել է նա։

Ֆերնանդեսը զգուշացրել է, որ Փաշինյանի կոշտ մոտեցումը Առաքելական եկեղեցու նկատմամբ «վտանգ է ներկայացնում ռեժիմի և կառավարության համար»։

«Եկեղեցիներին կամ կրոնական կազմակերպություններին տրված ազատության և այլ ազատությունների՝ խոսքի և խղճի, միջև կա հստակ և ուղղակի կապ»,- ասել է նա։ «Ես չգիտեմ որևէ իրավիճակ, երբ ռեժիմը հետապնդում է կրոնական կառույցները, բայց մնում է բաց և ընկալունակ աշխարհիկ քննադատության, քաղաքական ընդդիմության կամ հեգնանքի նկատմամբ… Այս բաները փոխկապակցված են»։

«Ռեժիմները, որոնք չեն ցանկանում լսել քննադատություն կրոնական իշխանություններից, սովորաբար չեն ցանկանում լսել այն նաև լրատվամիջոցներից կամ աշխարհիկ քննադատներից»,- ավելացրել է դիվանագետը։

Christian Solidarity International կազմակերպության նախագահ Ջոն Էյբները կոչ է արել Թրամփի վարչակազմին «ցույց տալ ուժ և համոզմունք՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին այս հետապնդումից, այդպիսով նպաստելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի գոյատևմանը»։

EWTN News-ի հարցազրույցում Էյբները նշել է, որ Հայաստանը գտնվում է «ծայրահեղ խոցելի դիրքում», չնայած նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրին: Նա ասել է, որ համաձայնագիրը «դեռ վերջնականապես չի կնքվել», և չնայած կան «խաղաղության մասին բանակցություններ»՝ այն դեռևս երաշխավորված չէ։

Առաջիկա ընտրությունների ֆոնին Էյբները նշել է, որ Փաշինյանը ներկայանում է որպես «խաղաղության մարդ»՝ հայտարարելով. «Եթե դուք չգաք ինձ հետ, պատերազմ կլինի»: Սա մասամբ պայմանավորված է Փաշինյանի ներգրավվածությամբ Թրամփի կողմից աջակցվող խաղաղության ծրագրում։

«Կան բազմաթիվ քաղաքական խնդիրներ: Ընդդիմության անդամները բանտերում են: Կարծում եմ՝ Փաշինյանը շատ վստահ է զգում իրեն, քանի որ նրա վերընտրությունը հենց նոր հաստատվեց [Վենսի կողմից], ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգների աջակցությունը»,- նշել է Էյբները։

«Եվրամիությունը «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարի պատրվակով գումար է ներդնում նրա վերընտրությունը սատարելու համար, բայց իրականում դա արվում է նրա քարոզարշավին սատարելու համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը «սպառնում են պատերազմով», բայց «Փաշինյանին տեսնում են որպես իրենց մարդ»։

«Նա ներկայանում է որպես խաղաղության միակ այլընտրանք կամ միակ հնարավորություն, և սա արձագանք է գտնում հայ հանրության մոտ»,- եզրափակել է Էյբները։ «Մի կողմից՝ մարդիկ ցանկանում են պահպանել իրենց ազգային ավանդույթները, իրենց եկեղեցին, իրենց սահմանները և իրենց ինքնավարությունը։ Բայց մյուս կողմից՝ նրանց սպառնում են պատերազմով»։

Վերջնարդյունքում, նրա խոսքով, «Միացյալ Նահանգների և Հայաստանի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք կան որևէ երաշխիքներ, որ ցանկացած ստորագրված փաստաթուղթ իրականում կպահպանվի»։

News.am