Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը սկսվել էր ռազմական գործողությունների ավարտից հետո, նոր թափ է ստացել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ աջակցությամբ Բաքվի և Երևանի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Այս պայմանավորվածությունները, բացի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը՝ դրանով իսկ էական ճշգրտումներ մտցնելով սահմանային աշխատանքների նախկինում համաձայնեցված պլանների մեջ։
Deutsche Welle-ի թղթակիցն այցելել է սահմանազատված սահմանամերձ հատվածներ՝ հասկանալու համար, թե ինչպես են այս պայմանավորվածությունները և գործընթացն ինքնին ազդել տեղի բնակիչների կյանքի վրա։
Տավուշի մարզի ադրբեջանական սահմանին գտնվող Կիրանց գյուղի մասին շատերը տեղեկացան 2024 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից և Լեռնային Ղարաբաղի համար տեղի ունեցած երկու խոշոր պատերազմներից (1990-ականների սկզբին և 2020 թվականին) հետո առաջին անգամ անցան սահմանազատման՝ ըստ խորհրդային քարտեզների։ Հենց այստեղ՝ Կիրանցում, սահմանազատման արդյունքում, գյուղի մի մասը հայտնվեց սահմանի մյուս կողմում։ Երկու մասի բաժանված բնակավայրի կյանքը դարձավ հետպատերազմյան փոփոխությունների խորհրդանիշ։
Այս գործընթացը ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, որը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի։ Բողոքի շարժման հիմնական շարժիչ ուժը դարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, որը հետագայում ձերբակալվել է իր համախոհների խմբի հետ՝ «ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձ կատարելու» գործի շրջանակում։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել «տարածքների միակողմանի հանձնումն Ադրբեանին» և ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով տարածքային զիջումների մեջ։ Շարժումը երթ կազմակերպեց սահմանամերձ Տավուշից մայրաքաղաք Երևան, որտեղ բազմաթիվ հանրահավաքներ անցկացվեցին։ Բայց նոր սահմանի ձևավորման գործընթացը չդադարեցվեց։
2024 թվականին սահմանազատման արդյունքում մասամբ բաժանված Կիրանց գյուղում մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին։ Ադրբեջանական կողմում հայտնված որոշ տների սեփականատերեր պետությունից փոխհատուցում են ստացել։ Հոգեբանական պաշտպանության համար պատ է կառուցվել Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհի երկայնքով։ Այս պատը գտնվում է տեղի դպրոցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որը նախագծվել էր 2019 թվականին և շահագործման հանձնվել պատերազմից հետո։
Չնայած լարվածության նվազմանը, բնակիչները դժվարությունների են բախվում։ Արոտավայրերից և վարելահողերից օգտվելու սահմանափակումը հանգեցրել է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման․ գյուղում անասունների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Բացի տնտեսական խնդիրներից, տեղացիները նշում են ուժեղ հոգեբանական ճնշումը՝ Ադրբեջանի դրոշի տեսքի պատճառով, մի երկիր, որի հետ Հայաստանը երկու անգամ պատերազմել է։ Ինչպես նաև սահմանային պատից և փշալարերից, որոնք այժմ գտնվում են իրենց տներին շատ մոտ։ Բնակիչներից մեկը, իր հիասթափությունն արտահայտելով, DW-ի հետ զրույցում նշել է, որ «դա հայրենիքի կորուստ է, այլ ոչ թե պարզապես ունեցվածքի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները»։
Հայ-ադրբեջանական նոր սահմանի ճշգրտման գործընթացի մեկնարկից ավելի քան մեկ տարի անց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, սահմանագծի միայն չնչին մասն է սահմանազատվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը մոտ 1000 կմ ընդհանուր երկարությամբ սահմանի 11,7 կմ-ի մասին է։
Դելիմիտացված սահմանի այն հատվածներում, որտեղ գործընթացն ավարտվել է, Հայաստանի իշխանությունների և տեղի որոշ բնակիչների հայտարարությունների համաձայն, լարվածության զգալի նվազում է նկատվում։ Այդ մասին է վկայում նաև սահմանի այդ հատվածների պահպանության ձևը, որն իրականացնում է ոչ թե բանակը, այլ սահմանապահ զորքերը։ Երկու կողմերից էլ նրանք ծառայություն են իրականացնում թեթև համազգեստով՝ առանց սաղավարտների և զրահաբաճկոնների։ Նույնիսկ փամփուշտներով պահեստատուփերը զենքերից առանձին են՝ զինծառայողների պայուսակներում։
Այնուամենայնիվ, չնայած տեսանելի կայունությանը և պաշտոնյաների հավաստիացումներին, տեղի բնակիչների համար իրավիճակը մնում է հոգեբանորեն բարդ։ «Այո, հիմա ամեն ինչ հանգիստ է, բայց որտեղի՞ց վստահություն, որ ապագայում էլ ապահով կլինի»,- DW-ի հետ զրույցում հարց է տալիս գյուղի բնակիչներից մեկը։
Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ իրավիճակը միանշանակ չէ։ Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանազատման և սահմանագծման գործընթացը ներկայացնել որպես հակամարտության լուծում և խոսում են նոր սրացման ռիսկերի զգալի նվազեցման մասին։ «Մասամբ դա իսկապես այդպես է․ սրացումն այժմ ավելի քիչ է, քան նախկինում, բայց դա Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքը չէ։ Իրավիճակը համեմատաբար կայուն էր դեռ դրանից առաջ»,- նշել է Իսկանդարյանը DW-ի հետ զրույցում։