Պաշտոնական Բաքուն փորձում է ավելի ակտիվ դիրք գրավել Հարավային Կովկասում, մասնավորապես, առևտրային ուղիների վերահսկողության հարցում։ Այս մասին ասվում է Fitch Solutions-ի կանխատեսումներում։
FS-ի վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները խորացել են էթնիկ և մշակութային կապերի, ինչպես նաև ռազմական համագործակցության շնորհիվ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես էներգակիրների մատակարար՝ ձգտելով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը:
Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կմնան բարդ և պրագմատիկ։ Չնայած ռուսական կործանիչի կողմից ադրբեջանական ինքնաթիռի պատահական գնդակոծության, ինչպես նաև ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցիների մահվան պատճառով աճող լարվածությանը, հարաբերությունների ամբողջական խզման հավանականությունը ցածր է մնում։ Մոսկվայի մեղմ արձագանքը Բաքվի պատասխան քայլերին՝ դիվանագիտական բողոքներին և ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանափակումներին, վկայում է կողմերի՝ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին։
«Ադրբեջանն օգտագործելու է իր ռազմավարական դիրքը Արևելքի և Արևմուտքի միջև՝ մանևրելու և Ռուսաստանի ավելորդ ազդեցությունից խուսափելու հնարավորությունը պահպանելու համար, սակայն կշարունակի համագործակցել Մոսկվայի հետ, եթե նրանց շահերը համընկնեն»,- հավելել են FS-ի վերլուծաբանները։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, Ադրբեջանը հինգ անգամ կրճատել է Ռուսաստանից ցորենի գնումները։ 2025 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Բաքուն Մոսկվայից ձեռք է բերել մոտ 87 տոննա հացահատիկ։ Հատկանշական է, որ 2024 թվականին երկիր ներմուծված ցորենի 90.2%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանն այլևս ադրբեջանական լոլիկ չի գնում։ Ադրբեջանի մի շարք շրջանների ֆերմերներ բերքի իրացման լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Այս տարի բանջարեղենի առատության և ներքին շուկայում պահանջարկի բացակայության պատճառով արտադրանքը զանգվածաբար չի սպառվում։ Մինչդեռ նախկինում Բաքուն առանց խնդիրների Ռուսաստան էր վաճառում իր լոլիկի ավելի քան 96%-ը։ Արտահանման ընդամենը 2%-ը բաժին էր ընկնում Բելառուսին և 1%-ը՝ Լեհաստանին։ Ուկրաինան, չնայած Իլհամ Ալիևի և Կիևի բարեկամական հարաբերություններին, գործնականում անտեսում է ադրբեջանական լոլիկը և երկիր է մատակարարվում արտադրանքի 1%-ից էլ պակաս։
Ֆերմերները դժգոհություն են հայտնում՝ նշելով, որ նախկինում իրենք առանց դժվարության իրացնում էին իրենց բերքը Ռուսաստանում։ Տեղացի արտադրողները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ով հակառուսական քաղաքականություն է վարում։ Նրանց կարծիքով՝ ռուսաստանյան խոշոր ներկրողները դավադրություն են կազմակերպել և քաղաքական պատճառներով հրաժարվում են ընդունել ադրբեջանական արտադրանքը։
News.am