Логотип

FREE ARMENIAN HOSTAGES․ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Free Armenian Hostages քաղաքացիական շարժումը կոչ է անում օգտագործել Նոբելյան խաղաղության մրցանակի հեղինակությունը՝ միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու և ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների հարցը բարձրաձայնելու համար:

2026 թվականի մրցանակի առաջադրումների վերջնաժամկետի նախօրեին շարժումը կապ է հաստատել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ՝ հորդորելով թեկնածուների թվում ներառել արդարադատությունը պաշտպանող կառույցներին, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանին (ICC) և Արդարադատության միջազգային դատարանին (ICJ):

Նախաձեռնության հեղինակները պարզաբանել են, որ որոշել են չառաջադրել առանձին քաղաքական առաջնորդների, քանի որ ներկայումս որևէ անհատ չի համապատասխանում այն բարոյական շեմին, որն անհրաժեշտ է պատանդների ազատ արձակման և Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համար:

Փոխարենը, շարժումն ուշադրություն է հրավիրում միջազգային իրավակարգի քայքայման վտանգավոր միտումների վրա՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումներին, թե աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք, և ամեն ինչ որոշվում է ուժի ու դաշինքների միջոցով:

Free Armenian Hostages արշավը, որը 2020 թվականից ի վեր պայքարում է Բաքվում անօրինական պահվող 19 հայ պատանդների ազատության համար, շեշտում է, որ միջազգային դատական ատյանները մնում են մարդկության վերջին բարոյական պատնեշը զանգվածային բռնության և անպատժելիության դեմ:

Շարժման ներկայացուցիչների խոսքով՝ Նոբելյան մրցանակի միջոցով իրավական ինստիտուտների լեգիտիմության ընդգծումը կենսական նշանակություն ունի ոչ միայն հայերի, այլև բոլոր այն փոքր ազգերի համար, որոնց անվտանգությունը խարսխված է օրենքի հարգանքի, այլ ոչ թե բիրտ ուժի վրա:

Verelq.am