Եվրամիությունը կշարունակի դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլերը, չնայած վեճերը միությունում ամեն անգամ ավելի լարված են դառնում, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, տեղեկացրել է Bloomberg-ը։
«Պատժամիջոցների մասին յուրաքանչյուր բանավեճ նախորդից շատ ավելի բարդ է»,- ասել է Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ «Ես գործընկերներիս տեղեկացնում եմ այն մասին, թե որոնք են ուկրաինական առաջարկները, և մենք խորհրդակցում ենք։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա»։
Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև մասամբ այն բանի համար, որպեսզի օգնի պլանավորել ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը, որը նախատեսված է փետրվրարի 3-ին։ «Ես վստահ եմ, որ դա առիթ և հզոր ազդանշան կդառնա այն մասին, որ մենք միասին ենք»,- ասել է նա։ «Մենք նաև կորոշենք, թե ինչպիսին են լինելու հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները»։
Ավելի վաղ Զելենսկին Արևմուտքին կոչ էր արել նոր պատժամիջոցներ մտցնել ռուսական միջուկային և հրթիռային արդյունաբերության դեմ։
Միշելը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն, և «պետք է ավելի շատ երկրներ ներգրավվեն», որպեսզի դիմակայեն Ռուսաստանին։ Նա նշել է, որ ԵՄ-ի երկրները պետք է Ուկրաինային ավելի շատ տանկեր տրամադրեն, բայց հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու է այդ որոշումը ավելի դժվար Գերմանիայի համար։ «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է տանկեր տրամադրել Ուկրաինային,- ասել է նա։- Բայց նաև անհրաժեշտ է հարգել Գերմանիային։ Դա հեշտ որոշում չէ»։
News.am
