Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Իսրայելը մարտի սկզբին հարավային Լիբանանի բնակելի շրջաններում կիրառել է սպիտակ ֆոսֆոր, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Հրապարակված նոր զեկույցում Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ հաստատել է յոթ լուսանկարի իսկությունը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք արձակվել հարավային Լիբանանի Յոհմոր բնակավայրի բնակելի հատվածի վրա։ Լուսանկարների համաձայն՝ մարտի 3-ին այնտեղ առնվազն երկու տան մեջ հրդեհ է բռնկվել։
«Իսրայելի բանակի կողմից բնակելի տարածքների վրա սպիտակ ֆոսֆորի ապօրինի կիրառումը չափազանց մտահոգիչ է և ծանր հետևանքներ կունենա խաղաղ բնակիչների համար», – ասել է HRW-ի Լիբանանի հարցերով հետազոտող Ռամզի Քայիսը:
Նրա խոսքով՝ սպիտակ ֆոսֆորի այրման ազդեցությունը կարող է հանգեցնել մահվան կամ դաժան վնասվածքների, որոնք մարդկանց կարող են տանջել ամբողջ կյանքի ընթացքում։
Օդում պայթեցվող (airburst) սպիտակ ֆոսֆորի կիրառումը խիտ բնակեցված տարածքներում միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից համարվում է ապօրինի:
Այս քիմիական նյութը օդի թթվածնի հետ շփվելիս բռնկվում է և կարող է հրդեհել տներ, գյուղատնտեսական տարածքներ և այլ քաղաքացիական օբյեկտներ։
Human Rights Watch-ը պարզել է, որ Յոհմորում այս զինամթերքը կիրառվել է քաղաքացիական բնակչության խիտ կուտակված հատվածների վրա, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել տներում և այլ քաղաքացիական գույքերում։
Կազմակերպությունը նաև հաստատել և աշխարհագրորեն նույնականացրել է մարտի 3-ի առավոտյան լիբանանյան լրատվամիջոցների կողմից համացանցում հրապարակված մի լուսանկար։ Այն ցույց է տալիս, որ բնակելի թաղամասի վրա օդում պայթեցվել են առնվազն երկու հրետանային սպիտակ ֆոսֆորային զինամթերք։
Իսրայելը պնդում է, որ հարվածում է Լիբանանում տեղակայված և, ըստ Թել Ավիվի, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին: Մարտի սկզբից մեկնարկած հարվածները շարունակվում են:
Լիբանանում մարտի 7-ին հրթիռակոծության էր ենթարկվել նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբ-բնակարանը։
Armenia Today
