Իրանական բարձրաստիճան աղբյուրները Middle East Eye պարբերականին հայտնել են, որ Իսրայելն «Իրանի և տարածաշրջանի դեմ իր կեղտոտ աշխատանքն իրականացնում է Ադրբեջանի միջոցով»՝ հավելելով, որ վերջին տարիներին այդ գործունեությունն ավելի է ուժեղացել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ է հասցնելու հակառակորդի նավթամատակարարման կենտրոններին և թույլ չի տա տարածաշրջանից նավթի արտահանման շարունակումը։
Այս հայտարարությունը հնչել է տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։
Արաբական բարձրաստիճան աղբյուրները Middle East Eye-ին հայտնել են, որ հրամանատարի խորհրդականի հայտարարությունն ուժեղացնում է այն լուրջ մտավախությունները, որ Իրանը կարող է հարված հասցնել BP ընկերությանը պատկանող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, որով Ադրբեջանը նավթ է տեղափոխում դեպի Իսրայել։
««Թշնամու նավթամուղներին» հարվածելու վերաբերյալ Իրանի սպառնալիքը կարող է նշանակել միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, քանի որ այն Իսրայելի հում նավթի հիմնական մատակարարն է», – հայտնել է աղբյուրը պարբերականին:
Middle East Eye-ի տվյալներով՝ այս խողովակաշարով է անցնում Իսրայելի նավթի մատակարարումների մոտ 30%-ը:
«Խողովակաշարն անցնում է Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Իսրայել՝ Թուրքիայի միջոցով։ Իրանը կարող է հարված հասցնել դրան, քանի որ Ադրբեջանն իրեն շատ մոտ է գտնվում», – ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով արևելքից արևմուտք ձգվող էներգետիկ խոշոր միջանցքը, որով հում նավթը Կասպից ծովից տեղափոխվում է Միջերկրական ծով:
News.am
