Логотип

ՆԱՏՕ-ն հասկանում է Հայաստանի դրդապատճառները Սիրիայում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

«ՆԱՏՕն, ինչպես գիտեք, այդօրինակ հակամարտությունների լուծմանը չի մասնակցում և չի միջամտում, բայց, անհերքելի է, իհարկե, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕին ու շատ կարևոր է մեր գործընկերների ու դաշնակիցների համար», – ասաց Ջեյմս Ապաթուրայը։

Նա նշեց՝ ՆԱՏՕին ոգևորում են Հայաստանի նոր կառավարության ջանքերն այս ուղղությամբ.

«Մեզ քաջալերում է, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդրում քաղաքական գործընթացի մեջ ու բանակցությունների ընթացքին միտված է։ Մեզ նաև քաջալերում է շփման գծում փոխադարձ հրաձգության շոշափելի նվազեցումը, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու նպատակով», – ասաց Ջեյմս Ապաթուրայն՝ ընդգծելով.

«ՆԱՏՕի գնահատականն աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ և սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք ու ես անձամբ բոլոր կողմերին հայտնել եմ այն»։