Логотип

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

Թեև ընթացիկ տարում բավականին լուրջ մարտահրավերներ են եղել, սակայն Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ ՎիվաՄՏՍն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հետևողականորեն շարունակել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Գործընկերներն ստիպված են եղել փոխել աշխատանքի մեթոդներն ու կայացնել իրավիճակից բխող որոշումներ՝ հուլիսյան դեպքերի, համավարակի, ապա նաև սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով: Աջակցության թիրախն ու նպատակը, սակայն, պահպանվել են: Ավելին, ծրագրում ներառվել են սահմանապահ այնպիսի գյուղեր, որոնք բավականին մեծ վնաս են կրել հուլիսյան պատերազմի հետևանքով:

Պետական սահմանից 1,5 կմ հեռավորությամբ գտնվող Այգեպարն աշնանն է ընդգրկվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: Լուսադիոդային LED համակարգով փողոցները լուսավորելը կարևոր է տարրական պայմանների ապահովման և բնակիչների անվտանգության ապահովման համար: Ընթացքում են հենասյուների տեղադրման աշխատանքները: Ամեն ինչ արվում է՝ մինչև տարեվերջ գյուղն ամբողջությամբ լուսավորելու համար: Նախատեսված է տեղադրել 25 լուսարձակ և լուսավորել շուրջ 900 մ ճանապարհահատված:

«Թշնամու դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հենասյուների տեղադրման աշխատանքներ են իրականացվում: Դա հեշտ չէ, քանի որ ցանկացած պահի կարող են կրակոցներ լինել: Մենք երեք ամիս առաջ լուրջ վնասներ ենք ունեցել գյուղում: Սակայն, եթե նայենք այդ իրավիճակին, պետք է ոչինչ չանենք: Քանի որ ապրում ենք այս գյուղում, պետք է գործենք. կյանքը շարունակվում է, գյուղից ոչ ոք չի հեռացել: Մենք պետք է կարողանանք ամուր կպնել մեր հողին, ավելի շատանանք և ուժեղանանք, որպեսզի կարողանանք դիմակայել այս արհավիրքին»,-ասել է Այգեպարի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արկադի Յամուկյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ՝ Վազաշեն գյուղում ևս փողոցային լույսերի էներգախնայող համակարգ է կառուցվել: Այստեղ էկոնոմ, բայց հիմնականում շատ հին լամպերով լուսավորված է եղել միայն գյուղի կենտրոնական փողոցը: Այժմ, տեղակայված ամենաէներգախնայող LEDերը գյուղի մուտքից հասցրել են մինչև կենտրոն: Ծրագրի վերջին փուլով, տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել շուրջ 1500 մ ճանապարհ:

«Տարին շատ բարդ խնդիրներ ստեղծեց բոլորիս համար։ Ստիպված եղանք սահմանափակվել հեռավար շփումներով, հաղթահարել բոլորիս նետված լուրջ մարտահրավերն ու խնդիրները։ Սակայն, կար դրված նպատակ և մեր գործընկերների հետ, ավելի վճռական դարձանք` սահմանին ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար։ Լավ, հետևողական աշխատանքն ու անպայման հաջողելու անհրաժեշտությունը պետք է դառնան ապրելակերպ։ Դա են պահանջում ժամանակը, մեր առջև ծառացած խնդիրներն ու ապագան»,֊ ասել է Վիվա֊ՄՏՍ֊ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ներառյալ՝ LED լուսարձակների տեղակայման աշխատանքներն իրականացվում են գործընկերների կողմից նախապես հաստատված ծրագրի շրջանակներում։

«Շատ բարդ էր պատերազմական իրավիճակում ծրագիր իրականացնելը: Սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին մի քանի օրը չենք աշխատել. չէինք պատկերացնում՝ կարո՞ղ ենք շարունակել, թե՞ ոչ: Տրամադրվելն էր շատ բարդ: Կար նաև աշխատուժի որոշակի խնդիր՝ շինարարական կազմակերպությունների մոտ: Հիմնական մասնագետների մի մասը կամավորագրվել և մեկնել էր ռազմաճակատ: Գյուղերից լրացուցիչ աշխատուժի ներգրավմամբ՝ իրականացրել ենք աշխատանքը: Եթե փորձեմ գնահատել՝ ծրագիրը բավականաչափ արագ է իրականացվել»,-ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: ՎիվաՄՏՍն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՎիվաՄՏՍը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՄՏՍը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՄՏՍը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՄՏՍն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com: