Логотип

Silicon Mountains համաժողովների արդյունքում Siemens-ը համագործակցում է ՀՀ բուհերի հետ

Նախորդ տարիներին Երևանում անցկացված Silicon Mountains համաժողովների արդյունքում Հայաստանի բուհերը համագործակցություն են հաստատել Siemens կորպորացիայի հետ: Այս մասին հերթական համաժողովին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Նա հիշեցրել է, որ առաջիկա համաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, թվով 10-րդը կլինի (անցկացվում է 2019 թվականից, վերջին տարիներին՝ տարին երկու անգամ): Համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ընկերությունների օտարերկրյա հայտնի ներկայացուցիչներ: Այս տարի ֆորումի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան Analog Devices ընկերության գործադիր տնօրեն Վենսան Ռոշը, որը զբաղվում է էլեկտրոնային միկրոսխեմաների մշակմամբ և արտադրությամբ:

Մուսայելյանի խոսքով՝ ավելորդ է բացատրել մի ընկերության ղեկավարի այցի կարևորությունը, որի կապիտալիզացիան կազմում է մոտ 120 մլրդ դոլար: Նրան կփորձեն հնարավորինս ծանոթացնել Հայաստանին և նրա հնարավորություններին, այդ թվում՝ մեր երկրում մասնաճյուղ բացելու հնարավորությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոշը դառնալու է Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ճյուղի զարգացման գործում ներդրած ավանդի համար (մրցանակը շնորհվում է ամեն տարի ոլորտի որևէ միջազգային գործչի, որին հրավիրում են ՀՀ):

Մուսայելյանը հավելեց, որ անցած տարիներին համաժողովի շնորհիվ Հայաստանում մի շարք ծրագրեր են սկսվել։ Բացի Siemens-ի հետ վերոհիշյալ նախագծից, իրականացվում են նաև կիբեռանվտանգության մի շարք նախագծեր, որոնք, նրա խոսքով, հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք «ԱԲ-ի անատոմիա» խորագրով համաժողովին մասնակցելու են Moderna բիոտեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Nokia ընկերության, ստարտափներին աջակցող Plug and Play ընկերության (որն այս տարի Հայաստանում նույնպես ստարտափների աջակցության ծրագիր է սկսել) և մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Sputnik Արմենիա