Логотип

The Loop․ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Միջազգային մակարդակով որպես առաջընթաց գովաբանված ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղությունը բարձր ներքին գին է ունեցել։ The Loop քաղաքական կայքի հեղինակ Լոգան Լյութն  ուսումնասիրել է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության շրջադարձը խզում առաջացրել պետության և ազդեցիկ Հայ Առաքելական եկեղեցու միջև։

Ինչպես նշվել է, երկրի ներսում համաձայնագիրը կնքվել է Փաշինյանի կառավարության և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև ավելի ու ավելի դաժան առճակատման ֆոնին։ Եկեղեցին հայ ազգային ինքնության հենասյունն է՝ փոքր, սահմանափակ ռեսուրսներով հայրենիքի շահերը առաջ մղելու արդյունավետ միջոց,  հատկապես՝ սփյուռքում։

Հայ Առաքելական Եկեղեցու ավագ հոգևորականները կտրականապես դեմ են արտահայտվել հայկական կողմի զիջումներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էթնիկ հայերի ինքնորոշման հարցում:

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանում եկեղեցու և պետության միջև աճող անդունդն, ըստ էության, պառակտում է այն հարցում, թե որտե՞ղ պետք է Հայաստանը միջազգային ասպարեզում դիրքավորվի։ Ռուսաստանը՝ Հայաստանի ավանդական անվտանգության գործընկերը, չի կարողացել նշանակալիորեն միջամտել Ադրբեջանի հետ 2020 և 2023 թվականների հաջորդական հակամարտություններին։ Այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանն  աստիճանաբար, բայց վճռականորեն շրջել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ , որն օգնեց Փաշինյանին իշխանության գալ, Հայ Առաքելական եկեղեցին ավելի ջերմ հարաբերություններ էր վայելում Ռուսաստանին մոտ կանգնած կառույցի հետ։

Հեղինակի խոսքով՝ այսօրվա պառակտման սերմերը, սակայն, ցանվել են 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ էթնիկ հայերի վերահսկողության կորստի հետ մեկտեղ։ Շատ հայեր, հատկապես Սփյուռքում,  Արցախի Հանրապետության անկումը  և դրան հաջորդած տարածաշրջանում հայկական ներկայության ավարտը համարում են խորը ազգային ողբերգություն։ Հոգևորականներն ակտիվ դեր են խաղացել այս հակամարտությունից բխող հակակառավարական բողոքի ցույցերում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորել է «Տավուշը հանուն հայրենիքի » բողոքի ցույցերը ՝ պահանջելով, որ Փաշինյանը հրաժարական տա: Արքեպիսկոպոս Գալստանյանը նույնիսկ առաջադրել է իրեն որպես հնարավոր ժամանակավոր վարչապետ:

Փաշինյանը եկեղեցու միջամտությունը քաղաքականության համարում է ուղղակի սպառնալիք պետությանը։ Այս լարվածությունը վերածվել է Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև անձնական թշնամանքի։

Վարչապետ Փաշինյանի կառավարությունն այսօր զգալիորեն թուլացած է։ «Չնայած այս խաղաղության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար, Փաշինյանը կայացրել է խորապես վիճելի որոշումներ, հատկապես, Սփյուռքի համար՝ սկսած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության պաշտոնական ընդունումից մինչև հայկական հողի վրա ճանապարհի ստեղծումը մայրցամաքային Ադրբեջանի և նրա Նախիջևան անկլավի միջև կապի ապահավման համար»,- գրել է Լոգան Լյութը։

Սակայն եկեղեցու և պետության միջև այս բախումը միայն ներքին վեճ չէ։ Այն այժմ լուրջ վտանգի տակ է դնում Հայաստանի՝ միջազգային ասպարեզում իշխանություն դրսևորելու արդեն իսկ սահմանափակ կարողությունը։ Կան իրական մտահոգություններ հայկական մեղմ ուժի և նրա ավելի լայն արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Որպես փոքր պետություն՝ Հայաստանը հաճախ ապավինել է իր սփյուռքին՝ որպես դիվանագիտական գործիքի։ Այդ համայնքներից շատերը հայրենիքի հետ կապվում են Առաքելական եկեղեցու ցանցերի միջոցով։ Եկեղեցու և պետության միջև թուլացած կամուրջը վտանգում է Երևանը մեկուսացնել իր ամենահուսալի միջազգային աջակցության ցանցից աննախադեպ խոցելիության և փոփոխությունների ժամանակաշրջանում։

Եկեղեցու և պետության միջև բացահայտ թշնամանքը Հայաստանում անընդունելի է և վտանգավոր երկարաժամկետ հեռանկարում։

Առանց այս հակամարտության շուտափույթ լուծման՝ Փաշինյանը կշարունակի վնասել իր արդեն իսկ թույլ անձնական լեգիտիմությունը երկրի ներսում։

ABC MEDIA