Ռուսաստանը ցնցված է Կրեմլի կարևոր դաշնակից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմամբ, սակայն Մոսկվայում նախագահ Դոնալդ Թրամփի ներխուժումը Վենեսուելա ընկալվում է նաև որպես վերադարձ մեծ տերությունների քաղաքականությանը՝ մի համաշխարհային կարգի, որտեղ խոշոր, կայսերապաշտական պետություններն անպատիժ իշխում են իրենց տարածաշրջանային ազդեցության գոտիներում, — գրում է The Washington Post-ը։
Ռուսաստանի տատանողական տնտեսությունը տուժում է նոր պատժամիջոցներից և վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան աստիճանաբար նվազեցրել է Վենեսուելայի նկատմամբ իր հետաքրքրությունը: Մասնագետները կարծում են, որ ուկրաինական ճգնաժամը, իհարկե, շատ ավելի հրատապ է Ռուսաստանի համար, քան վենեսուելականը:
The Washington Post-ը նաև նշել է, որ նմանատիպ արձագանքի բացակայությունը զգացել են նաև Կրեմլի մյուս կարևոր դաշնակիցները, այդ թվում՝ Սիրիան, Իրանը և Հայաստանը, որոնք նույնպես հույսը դրել էին Մոսկվայի աջակցության վրա: Տապալված սիրիացի բռնապետ Բաշար ալ-Ասադը 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Դամասկոսից փախուստից հետո, բնակվում է Մոսկվայում, իսկ օգոստոսին Հայաստանը Սպիտակ տանը խաղաղության պայմանագիր է ստորագրել իր վաղեմի թշնամու՝ Ադրբեջանի հետ, որտեղ Թրամփը ժպտում էր հպարտ ծնողի պես: Այս շրջանակները ԱՄՆ-ին նաև իրավունք են վերապահել կառավարել և զարգացնել երկար ժամանակ վիճարկվող «Զանգեզուրի միջանցքը», որը տարածաշրջանի կարևոր ռազմավարական օղակն է:
Deutsche Welle-ի հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Նիլ Մելվինը նույնպես ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինը կորցնում է դաշնակցին. «Ռուսաստանը կորցրել է Հայաստանը, Սիրիան, իսկ հիմա՝ Վենեսուելան»։ Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի միջազգային դիրքերը զգալիորեն թուլանում են, քանի որ նա սրում է Ուկրաինայի դեմ իր պատերազմը և չունի բավարար ռեսուրսներ նման հարաբերությունները պահպանելու համար։
News.am
