ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) Ադրբեջանի վերաբերյալ հետևյալ զեկույցն է հրապարակել։
Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները մնում են խիստ սահմանափակ։ Կառավարության կողմից կրոնական կյանքի ամբողջական վերահսկողությունը տեղ չի թողնում անկախ կրոնական միավորումների, ինքնարտահայտման կամ գործունեության համար։
Հանձնաժողովը ԱՄՆ Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել Ադրբեջանին թողնել «Հատուկ հսկողության ցուցակում»՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար։ Հունիսին USCIRF-ը Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ լսումներ էր անցկացրել։
Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայկական պատմական կրոնական օբյեկտները վտանգի տակ են։
«2023 թվականին Ադրբեջանի ռազմական հարձակման ժամանակ մոտ 100,000 հայ է բռնի կերպով տեղահանվել տարածաշրջանից։ 2024 թվականի հունիսի դրությամբ «Caucasus Heritage Watch» կազմակերպությունը հայտնաբերել է ութ ավերված և ութ վնասված կրոնական օբյեկտ, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ արտեֆակտներ։
Ադրբեջանի իշխանությունները օրինականացրել են հայկական կրոնական ժառանգության ոչնչացումն ու կեղծումը՝ պնդելով, թե այն իբր կովկասյան աղվանների ժառանգությունն է», – նշվում է զեկույցում։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստեղծված անկախ երկկուսակցական գործակալություն է, որի նպատակն է դիտարկել, վերլուծել և զեկուցել արտերկրում կրոնական ազատության վիճակի մասին։
News.am