Логотип

Wizz Air ավիաընկերությունն արդեն պաշտոնապես է Հայաստանում

Հայաստանում արդեն պաշտոնապես գործում է Wizz Air ավիաընկերությունը: Wizz Air Hungary-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առայժմ կտեղակայվի 2 ինքնաթիռ։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա հավելեց, որ ընկերությունն ունի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրուց թռիչքների ընդլայնման և ավելացման ծրագրեր։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում ունեն հարյուրավոր թափուր աշխատատեղեր, տասնյակ հայ մասնագետներ արդեն աշխատում են Wizz Air-ում:

Իր հերթին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է և համապատասխանում է միջազգային չվերթերի ընդունմանը: Նրա խոսքով՝ նույնիսկ եվրոպական շատ քաղաքներում կան օդանավակայաններ, որոնք զիջում են Գյումրու «Շիրակին»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր միջազգային բրենդների հետ՝ դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու համար:

Նրա խոսքով՝ նպատակ է դրված հասնել տարեկան 3 մլն այցելուի, իսկ դրա համար կարևոր է ուղիղ ավիափոխադրումների առկայությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորեց Հայաստանում գործող ավիաընկերությունների սուբսիդավորման մասին կառավարության որոշումը:

«Հայկական ավիաընկերությունները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Կանոնները հավասար են բոլորի համար։ Կառավարությունը ծրագրում է այդ նպատակի համար ծախսել 3 մլրդ դրամ (7,5 մլն դոլար), բայց դա չնչին գումար է այն շահույթի համեմատ, որը մենք նախատեսում ենք ստանալ զբոսաշրջային այցելություններից», – նշեց Պապոյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր 6 երկրներից՝ Իտալիայից (Նեապոլ և Բարի), Գերմանիայից (Մեմինգեն, Համբուրգ), Կիպրոսից (Պաֆոս), Ֆրանսիայից (Նիցցա), Չեխիայից (Պրահա), Հունգարիայից (Բուդապեշտ) դեպի Հայաստան միաժամանակ 8 նոր ուղղությունների գործարկման մասին:

Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն Երևանից Պրահա և Համբուրգ, հոկտեմբերի 2-ից՝ Նիցցա և Պաֆոս, հոկտեմբերի 15-ից՝ Նեապոլ, հոկտեմբերի 26-ից՝ Բուխարեստ և Բարի, հոկտեմբերի 28-ից՝ Մեմինգեն չվերթերը։ Ընդհանուր առմամբ` ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղություններով։