Логотип

ԵԹԵ ԴԱԴՐՅԱՆԸ ԻՄԱՆԱՐ, ԱՊԱ ԴԺՎԱՐ ԹԵ ՑԱՆԿԱՆԱՐ ԹԱՂՎԱԾ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության խորապատկերին մի տեսակ աննկատ անցավ այն, ինչը սովորական պայմաններում զայրալից մեկնաբանությունների տարափ կառաջացներ սոցցանցերում և ընդհանրապես հասարակության մեջ։ Խոսքը հայտնի թուրք գիտնական պատմաբան Թաներ Աքչամի ֆեյսբուքյան գրառման մասին է։ Հիշեցնեմ, որ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք առաջին ակադեմիկոսներից է, հետազոտող և Ցեղասպանության թեմայով մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ։ 1976 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն փախել է, տեղափոխվել Գերմանիա, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ Ներկայումս Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր է։

ԱՀԱ ԳՐԱՌՈՒՄԸ, ՈՐ ԱՔՉԱՄՆ ԱՐԵԼ Է ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ:

«Մեծ ցնցում ու վիշտ ապրելով ՝ տեղադրում եմ իմ թանկագին պրոֆեսոր Վահագն Դադրյանի շիրիմի մի քանի լուսանկարներ։

Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինին հաջողվել է պարզել, որ Դադրյանի գերեզմանը Երևանում, որտեղ նա հուղարկավորվել է 2019-ին, անխնամ է և պատված մոլախոտով։ Ավելին. գերեզմանի վրա վահանակ չկա անվան նշումով։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը:

Դադրյանը արժանի չէ նման վերաբերմունքի։

Մինչ օտարերկրյա բազմաթիվ պաշտոնյաներ պատվավոր հիշատակման են արժանացել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին, անընդունելի և չափազանց ամոթ է, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից հետազոտության հիմնադրի գերեզմանը մնացել է անբարեկարգ ու մոռացված, նույնիսկ առանց հուշատախտակի։

Չգիտեմ, թե հատկապես ով է պատասխանատու Դադրյանի հուղարկավորության և շիրմաքարի տեղադրման համար: Ամեն դեպքում վստահ եմ, բոլորը կհամաձայնեն, որ սա ահավոր խայտառակություն է և անընդունելի վերաբերմունք։

Հուսով եմ, որ պատասխանու անձինք անհապաղ միջոցներ կձեռնարկեն, և Դադրյանին վայել կերպով կբարեկարգեն նրա շիրիմը։ Միմյանց մեղադրելու փոխարեն՝ պետք է համատեղ ջանքերով անել ամեն անհրաժեշտը»։

Հիշեցնեմ, որ Վահագն Դադրյանը աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր ցեղասպանագետներից մեկն է։ Երկար տարիներ աշխատել է Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն: Պատմության և սոցիոլոգիայի վերաբերյալ նրա աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Նա Հոլոքոստի և Ցեղասպանության 50 առանցքային հետազոտողներից մեկն է։ 2009 թվականին Վահագն Դադրյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գիտական նշանակալի ավանդի համար»:

Գիտնականը մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ 93 տարեկան հասակում։ Այդ ժամանակ որոշում կայացվեց ԱՄՆ-ից տեղափոխել և Հայրենիքում հողին հանձնել նրա աճյունը։ Հայաստանի ԱԳՆը, որն այն ժամանակ դեռ ձևանում էր ազգայինպետական հաստատություն, ամպագոռգոռ հայտարարեց. «Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն»:

Այսօր, ուղիղ 3 տարի անց, թուրք պատմաբանը տեղեկացնում է մեզ Հայկական հարցի և Ցեղասպանության ուսումնասիրության գործում մեծ ավանդ ունեցող մարդու, համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականի գերեզմանի անմխիթար վիճակի մասին:

Ո՞վ է պատասխանատու գերեզմանի բարեկարգման և արժանի պահպանման համար. ԱԳՆ-ը, Գիտությունների ակադեմիան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ նրա ընտանիքի անդամներն ու ժառանգները: Ինչպեսև Թաներ Աքչամը՝ մենք նույնպես չունենք այդ հարցի պատասխանը։ Բայց ամեն դեպքում մի բան պարզ է. պետությունը չպետք է անմասն մնար այդ հարցում և չպետք է թույլ տար, որ գերեզմանն այդքան անխնամ ու բարձիթողի վիճակում լինի։

Ցավոք, մեզ համար դժվար է կիսել Աքչամի լավատեսությունն այն առնչությամբ, թե իր ֆեյսբուքյան գրառումը կստիպի «պատասխանատու անձանց» հիշել Դադրյանի հանդեպ ունեցած մեր ընդհանուր պարտքի մասին։ Այն մասին, որ Հայաստան տեղափոխման կազմակերպմամբ և հուղարկավորությամբ այդ պարտքը չի ավարտվում, և շիրիմի նկատմամբ նման վերաբերմունքը իսկապես ազգային և պետական խայտառակություն է։ Այդպես կլիներ, եթե Հայաստանում իսկապես ազգային իշխանություն լիներ, որն ունակ է ամոթ ու խղճի խայթ զգալ։ Ընդ որում նաև այն բանի համար, որ թուրք պրոֆեսորն է ամոթանք տալիս մեզ ականավոր հայրենակցի հիշատակի հանդեպ վերաբերմունքի համար։

Խնդիրն այն է, որ հաշվի առնելով Փաշինյան հանցախմբի քաղաքականությունը առհասարակ Ցեղասպանության հարցում, միանգամայն հնարավոր է թվում նման վերաբերմունքի միտումնավորությունը։ Կազմակերպեցին հերթական ինքնագովազդը, բերեցին, թաղեցին ու մոռացան։ Իրոք որ, ո՞վ է նրանց համար Դադրյանը, որ դեռ գերեզմանի մասին էլ հոգ տանեն։ Ցեղասպանության հետազոտող, որի մասին տերերի հրահանգով պետք է մոռանալ։ Ուրեմն ինչո՞ւ պիտի իշխանությունները բարեկարգեն գերեզմանը, գոնե շիրմաքար տեղադրելով ու մաքրելով մոլախոտից։

Չկասկածեք, որ թուրք գիտնական Աքչամի սիրտը շատ ավելի է ցավում իր հայ գործընկերոջ գերեզմանի վիճակի և նրա հիշատակի համար, քան թուրքի հաճկատար երիտհայերինը։ Ինչպես գրել է նույն Ֆեյսբուքի օգտատերերից մեկը, Եթե Վահագն Դադրյանն իմանար, որ իր աճյունը Հայաստանում նման վերաբերմունքի է արժանանալու, ապա դժվար թե ցանկանար թաղված լինել Հայրենիքում։

Եվ սա նույպես փաշինյանական Հայաստանի դեմքն է