Логотип

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄ` ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ․ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MYTOUR-Ը

Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTourի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։

«Շուկայում արտագնա տուրերի ուղղությունների եվ առաջարկների աճին զուգահեռ ճիշտ և հենց ձեր կարիքներին համապատասխան փաթեթ գտնելը վերածվել է ժամանակատար և շատ ջանք պահանջող գործընթացի: MyTourի նպատակն է վերափոխել ճանապարհորդության պլանավորման գործընթացն ու առաջարկել աննախադեպ՝ մեկ վայրում ամբողջական զբոսաշրջային փաթեթներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն»,- ասում է MyTourի պրոդուկտի մենեջեր Լիլիթ Հայրապետյանը:

Այս գործիքն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն օգտատերերին թույլ է տալիս մեկ հարթակում ուսումնասիրել միաժամանակ տասնյակ տուր փաթեթներ՝ ընդլայնված գործառույթներով օգտատերը կարող է փաթեթների գների ակնթարթային հաշվարկներ կատարել՝ փոխելով ճանապարհորդների կամ օրերի քանակը, թռիչքի օրը և այլն։ Իսկ վերջնական ընտրություն կատարելուց հետո հնարավոր է անմիջապես նույն հարթակում կատարել ամրագրում։

«MyTourի կարգախոսն է «appից ափ», ինչը լիովին համահունչ է մեր նպատակներին, քանի որ գործարկելով MyAmeriaն՝ մենք ձգտում էինք հաճախորդների համար անել ավելին, քան պարզապես ավանդական բանկային ծառայությունների թվայնացումն էր, առաջարկել ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ մեկ հարթակում: Այս ճանապարհին մենք շարունակ կատարելագործում ենք հավելվածն ու նոր հնարավորություններ ավելացնում: Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- ասում է Ամերիաբանկի թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։

MyTour հարթակում այս պահին հասանելի են զբոսաշրջային փաթեթներ դեպի Եգիպտոս: Առաջիկայում փաթեթների աշխարհագրությունն ընդլայնվելու է, ավելանալու են նոր ուղղություններ։

«Դեպի Եգիպտոս փաթեթները տրամադրվում են առաջատար տուրիստական ​​օպերատորներից մեկի` Skytourի կողմից: Առաջիկայում մենք պլանավորում ենք նաև այս առումով ընդլայնել ծառայությունների ցանկը՝ առաջարկելով ոչ միայն նոր ուղղություններ, այլև տարբեր տուրիստական գործակալությունների փաթեթները մեկ հարթակում տեսնելու հնարավորություն։ Երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից մենք MyTourը տեսնում ենք որպես ճանապարհորդական էկոհամակարգ, որը կհեղափոխի այն, թե ինչպես են մարդիկ պլանավորում իրենց ճամփորդությունը և ճանապարհորդում՝ վերածելով յուրաքանչյուր ուղևորություն անհոգ ու հիշարժան փորձառության»,- ասում է Լիլիթ Հայրապետյանը:

Նոր ծառայությունը դեռևս հասանելի է միայն հավելվածի iOS օգտատերերի համար: MyTourը շուտով կգործարկվի նաև Android օգտատերերի համար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: