Логотип

Երևանում օդի աղտոտվածության խնդիր կա, այն առավել սուր է Կենտրոն վարչական շրջանում

Վերջին օրերին օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ պայմանավորված Արարատյան գոգավորության հատվածում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը տեղեկացրեց, որ Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-25-ը փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանված թույլատրելի սահմանը մինչև 4 անգամ։ Այդ ցուցանիշը հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և նոյեմբերի 25-ին։

«Ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի, ասեմ, որ Արաբկիր վարչական շրջանում փուշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-1,6 անգամ, Շենգավիթ վարչական շրջանում էլ գերազանցել է միայն նոյեմբերի 25-ին՝ 1,2 անգամ։ Նշեմ, որ Երևանի վարչական շրջաններում նկատվել է նաև ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, սակայն չի գերազանցել թույլատրելի սահմանը»,-ասաց Գայանե Շահնազարյանը։

Առաջիկայում, քանի որ չի ակնկալվում հոսանքների տեղաշարժ, այս դիտված պատկերը կպահպանվի։ Գայանե Շահնազարյանը նկատեց, որ սա նորություն չէ Երևանի համար։

«Տարվա այս ժամանակահատվածում այս երևույթը բնորոշ է Արարատյան գոգավորությանը։ Այս սեզոնին օդի ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հատկապես գիշերային ժամերին։ Քամիների բացակայությամբ պայմանավորված էլ առաջանում է օդային սառը զանգվածների կուտակում։ Յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում օդի աղտոտվածության խնդիրը սրվում է ու անհանգստություն է պատճառում քաղաքացիներին»,-ասաց Գայանե Շահնազարյանը։

Մասնագետը նկատեց, որ հաճախ քաղաքացիների շրջանում խուճապային անհանգստությունը գալիս է նրանից, որ որոշ մարդկանց կողմից իրականացվում է  օդի աղտոտվածության դիտարկում ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների միջոցով և այդ տվյալները հանրայնացվում են։

«Խորհուրդ կտամ հետևել պաշտոնական տեղեկատվությանը, որովհետև մեր տվյալները որակի ճշգրտության տեսանկյունից բազմաթիվ փուլեր են անցնում։ Մեր կենտրոնը պարբերաբար հայտարարություններ ներկայացնում է։ Պետք չէ խուճապի մատնվել»,-ասաց Գայանե Շահնազարյանը՝ չբացառելով, որ այդ խուճապային տրամադրություններ տարածելը նաև կարող է կապված լինել օդը մաքրող սարքերի վաճառք ապահովելու հետ։