ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել այս տարվա վերջին։
«El País» թերթին տված հարցազրույցում նա հավելել է, որ «Ռուսաստանը երկար ժամանակ սպառնալիք կմնա, նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի»։
Ռյուտեն, ով չի թաքցնում Դոնալդ Թրամփի նկատմամբ իր հիացմունքը, պնդում է, որ նրա խաղաղության ծրագիրը, որը սկզբնապես ներառում էր Ուկրաինայի տարածքի զիջումը, որը Կիևի համար կարմիր գիծ էր, «լավ հիմք է քննարկումների համար»։
«Առաջարկը պարունակում է ինչպես հուսալի տարրեր, այնպես էլ այլ տարրեր, որոնք պահանջում են հետագա մշակում և երկխոսություն: Հենց սա է այն, ինչի վրա այժմ աշխատում են ուկրաինացիներն ու ԱՄՆ-ն», – ասում է նա:
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների վերաբերյալ Ռյուտեն նշել է, որ Ռուսաստանը «ոչ ձայնի իրավունք ունի, ոչ էլ վետոյի», սակայն ընդգծել է, որ մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Վաշինգտոնը, դեմ են դրան։
«Եթե դա հնարավոր չէ, ապա Ուկրաինան պետք է առնվազն ունենա բավարար անվտանգության երաշխիքներ՝ Ռուսաստանի կողմից իր փորձերի կրկնությունը կանխելու համար», – հավելել է նա։
News.am
