«ԳԱ»-ի զրուցակիցն է փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-Պարոն Հովհաննիսյան, երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու։ Ինչպե՞ս հասկանալ դա։
-ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցանկացած օրենք նախագահը 21 օրվա ընթացքում պետք է կա՛մ ստորագրի, կա՛մ ուղարկի Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար։ Եթե նախագահը չկատարի այդ գործողություններից ոչ մեկը, ապա արդեն 22-րդ օրը ստորագրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի նախագահին։ Ընդգծում եմ, 22-րդ օրը, դրանից ոչ շուտ։
Ենթադրենք, թե նախագահը կանխավ հայտարարում է, որ չի ստորագրելու օրենքը, որ առհասարակ հրաժարվում է այն ստորագրել։ Դա ամենևին չի նշանակում, թե ստորագրության իրավունքն արդեն հիմա անցնում է ԱԺ նախագահին։ Կրկնում եմ, ԱԺ նախագահը դա կարող է անել սահմանված ժամկետից ոչ շուտ, միայն 22-րդ օրը։ Օրենքը գրված է և գործում է այդ կերպ, անկախ նրանից, թե ինչ կասի նախագահը։
—Ընդ որում նախագահը կարող է և մտափոխվել, այնպես չէ՞…
—Կարող է, թեև հարցը նույնիսկ դա չէ: Ստորագրության լիազորությունները ԱԺ նախագահին են անցնում միայն և միայն Սահմանադրությամբ սահմանված 21-օրյա ժամկետից հետո: Բացի այդ, չի բացառվում, որ այսօր, օրինակ, նախագահը չի ստորագրում, ԱԺ նախագահը շտապում է և յուրացնում ստորագրության իրավունքը, իսկ վաղը նախագահը մտափոխվում է և ուղարկում օրենքը Սահմանադրական դատարան։ Ստացվում է, որ խոսնակը գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները, իսկ դա արդեն Քրեական օրենսգրքի հոդված է, որը նախատեսում է քրեական պատիժ։
—Այսինքն քանի դեռ ժամկետը չի լրացել, Սահմանադրական դատարանի շուրջ ոչ մի փոփոխություն չի՞ կարող տեղի ունենալ։ Ամեն ինչ մնում է ինչպես որ կա՞, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հարցով հուլիսի 7-ին նշանակված նիստը։
-Այո, օրենքով ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա։ Նկատեք, Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, որը տարիքային ավագության սկզբունքով նշանակվել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, ի պատասխան շնորհավորանքների՝ միանգամից հայտարարեց, որ դրանք վաղաժամ են, և ամեն դեպքում մինչև 21-րդ օրը լրանալը ՍԴ նախագահ է մնում Հրայր Թովմասյանը։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցով դիմումի քննությանը, ապա այստեղ հարցականի տակ է. կհավաքվի՞ արդյոք քվորում՝ հաշվի առնելով Հ.Թովմասյանի և Ա.Պետրոսյանի արձակուրդը։
—Հետաքրքիր է, ինչպե՞ս կպահի իրեն իշխանությունը նախագահի հայտարարությունից հետո…
—Լսել եմ այդ թեմայով «Ազատություն» ռադիոկայանին Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ իրենք դեռ չեն որոշել, թե ինչ են անելու:
