Последние новости

Ջեք Ռիդ. Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն հայերի դեմ ագրեսիայի համար

Ադրբեջանը, Թուրքիան և խամաճիկային ուժերը, որոնք մասնակցել են հայերի դեմ կանխամտածված ագրեսիային, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեք Ռիդը:

«Հայերի դեմ այս արշավը սկսվել է Թրամփի վարչակազմի աչքի առջև, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ու կրկին ապացուցում էր, որ չի ընդդիմանա Էրդողանին կամ այլ ավտոկրատներին: Բռնությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին բարձր մակարդակի արդյունավետ ուշադրություն դարձնելու Թրամփի վարչակազմի անկարողությունը վնաս կհասցնի Հայաստանին, ինչպես նաև Միացյալ Նահանգների հեղինակությանը, և Բայդենի նոր վարչակազմի համար կդժվարացնի ամերիկյան առաջնորդության վերականգնումը:

Նախագահ Թրամփի անօգնական մոտեցումը այս ճգնաժամին, Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական առաջնորդությունից հրաժարվելը, նպաստել է միակողմանի հրադադարին, որի արդյունքում գրեթե 2000 ռուս զինծառայողներ են հայտնվել հակամարտության գոտում և Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնել Պուտինին:

Միացյալ Նահանգները չպետք է անտեսի հայ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումները և հակամարտության հետևանքով ավերիչ կորուստները: Վարչակազմը պետք է հստակ ազդանշան տա, որ ԱՄՆ-ը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդական ջանքերին, որպեսզի ստեղծի տևական, ամուր խաղաղություն, որը պաշտպանում է մարդու իրավունքները, չի վտարում հայերին իրենց տներից և չի խրախուսում ագրեսիան:

Մենք չպետք է հաշտվենք ռազմական գործողությունների միջոցով սահմանի միակողմանի փոփոխությունների հետ: Դա միայն կհանգեցնի տարածաշրջանում անկարգությունների ավելացմանը և կբարձրացնի ապագայում բախումների հավանականությունը»,- նշել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ