Последние новости

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված զինծառայողներին, քաղաքացիական անձանց

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին, նաև քաղաքացիական անձանց:

«Մենք հաստատում ենք, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին այցելություններ, տեսակցություններ ունեցել ենք որոշակի թվով անձանց՝ և քաղաքացիական, և զինվորական»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ անձանց տվյալների և քանակի մասին տեղեկություն կոմիտեն չի կարող փոխանցել, բայց կապի մեջ են նաև նրանց ընտանիքների հետ։

Ամատունին փաստեց՝ հանդիպում եղել է նաև Հայաստանում գտնվող գերիների հետ. «Խոսքը երկու կողմի մասին է»։

Կոմիտեի ներկայացուցիչը հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ:

«Տեսակցությունների շարքում կան նաև այցելություններ անձանց, որոնք գերեվարվել են մինչև սեպտեմբերի 27-ը, որոնց մասին պարբերաբար ասել ենք, որոնք որոշ ժամանակ է գտնվում են անազատության մեջ»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ:

«Պատրաստ ենք աջակցելու կողմերին հենց պայմանավորվածություն ձեռք բերվի, սակայն չեմ կարող հաստատել, որ նման գործողություն տեղի է ունենում կամ պլանավորված է առաջիկայում»,- ասաց Ամատունին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ