Последние новости

Սիրանուշ Սահակյան․ Հակված չեմ հավատալու նման սցենարի

Իրավական պետությունների համար գերիների, ռազմագերիների՝ զորահանդեսին մասնակցությունը անհնար գործելակերպ է, որովհետև արգելված են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Այն հակասում է ռազմագերիների, գերիների վարվեցողության կանոններին: Դա համարվում է ռազմագերիների արժանապատվության կոպտագույն խախտում, կունենա մասսայականության դրվագ և որակվելու է որպես ռազմական հանցագործություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը մտադիր է հայ գերիներին ներառել հաղթանակի զորահանդեսին:

Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ հնարավոր է՝ ռազմագերիներին դատապարտեն որպես ռազմական հանցագործներ, Սիրանուշ Սահակյանը նշում է, որ պատերազմին մասնակցելը հանցագործություն չէ, եթե լինեն հատուկ ապացույցներ, որ հայ գերիները, ռազմագերիները ներգրավված են եղել մարդկանց խոշտանգումներում, բնակչության միտումնավոր սպանություններում, այդ դեպքում այլ հարթության մեջ կտեղափոխվեն, սակայն նման տեղեկատվություն չկա.

«Սրանք հոգեբանական առավելություն ձեռք բերելու հնարքներ են, նաև այս տեղեկությունը չափազանց լայնորեն շրջանառվեց, և ինչ արժանահավատություն ունի, այս հարցերը մնում են բաց, և ցանկալի չեմ համարում, որ ցանկացած տեղեկություն, որն ի հայտ է գալիս, գտնվի հասարակական քննարկման կենտրոնում և մեկնաբանություններ տրվեն: Այդքան էլ հակված չեմ հավատալու նման սցենարի, եթե դա տեղի ունենա, վնասելու է Ադրբեջանի շահերին և անհետևանք չի մնալու»:

Հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, հնարավո՞ր է նման գործեր սարքվեն, այդ հոդվածով դատելու համար, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այդ գործերը պետք է միջնորդավորվեն դատարաններով, դրանց նկատմամբ մեծ է լինելու միջազգային հանրության հետաքրքրությունը, ընդհուպ դատավարությունների մոնիթորինգ:

Ըստ նրա՝ եթե ապացուցողական բազա չլինի, հաստատվելու է հետապնդումը և դարձյալ Ժնևյան կոնվենցիայի մեկ այլ խախտում՝ միտումնավոր ռազմագերիներին պաշտպանություն չտրամադրելը. «Այսինքն՝ դրանց հետևում բացահայտվելու են նոր հանցագործություններ, և Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ պետք է վատնի»:

Դիտարկմանը, թե զինադադարի հայտարարության մեջ նշված է նաև գերիների վերադարձի մասին, տարածքները հանձնվում են, սակայն գերիների վերադարձի մասին հստակ քայլեր չեն նկատվում, Սահակյանը նշեց, որ ի սկզբանե խնդրահարույց է, որ հայտարարության մեջ ողջ մնացած գերիների, ռազմագերիների վերադարձի հստակ ժամկետներ սահմանված չեն: Նրա կարծիքով՝ կազմակերպաիրավական առումով դրանք ավելի հեշտ են և ունեն հումանիտար կոմպոնենտ և ավելի արագ պետք է իրականացվեին, քան տարածքների վերադարձը, որովհետև տարածքների վերադարձն իր հետևում ունի նաև տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների խնդիրներ.

«Հայկական կողմը անհասկանալի պատճառներով հետևողականություն չի ցուցաբերել հայտարարությունը ստորագրելիս, բայց այն հարթակը, որտեղ քննարկվում են տարածքների քննարկման հարցը, Հայաստանը ևս պետք է ակտիվ բանակցություններ իրականացնի և կարողանա պաշտպանել նաև իր հասարակությանն առնչվող շահերը: Վստահ եմ, որ ոչ մի կողմ դրան լրջագույն առարկություն չի ներկայացնելու պարզ պատճառներով՝ հայկական կողմը որոշակի ստորացուցիչ քայլեր է կյանքի կոչել՝ տարածքների հանձման մասով, և սա համընդհանուր ճանաչված հումանիտար խնդիր է, որի հարցը պետությունները երեք անգամ փորձել են լուծել, այսինքն` դա ունի բարոյական կողմ, որի արդար հանգուցալուծումը պատվաբեր է լինելու նույն Ռուսաստանի նախագահի համար, ուղղակի անհրաժեշտ է, որ հայկական կողմը այս խնդիրը դնի քաղաքական բանակցությունների սեղանին»,- ընդգծեց Սահակյանը, տեղեկացնում է Tert.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ