Последние новости

Սաֆրաստյանը` Ալիևի հայտարարությունների մասին

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է պաշտոնապես պատասխանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Այսօր Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին Ալիևն ասել էր, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։

«Ալիևի այս հայտարարությունները նորություն չեն, դրանք մտնում են Ադրբեջանի` տասնամյակներ վարած հայատյաց և պատմություն կեղծող քարոզչության մեջ։ Սակայն այս անգամ Ալիևի ասածները դուրս եկան մերկ քարոզչության շրջանակներից, քանի որ նախ դրանք հնչեցվեցին զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին Արցախի հանդեպ, երկրորդ` ասվել է Թուրքիայի նախագահի ներկայությամբ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է լուրջ վերաբերվի Ալիևի ասածներին, արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտարարություն տարածի. անթույլատրելի է դա առանց պատասխանի թողնել», – ասաց Սաֆրաստյանը։

Ադրբեջանի նախագահը զորահանդեսին նաև ասել էր, որ ադրբեջանցի ժողովուրդը պետք է պատրաստվի նոր պատերազմի հայերի դեմ։ Փորձագետի կարծիքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում կանգնած են ռուս խաղաղապահ ուժերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն իրատեսական չէ։

«Քանի դեռ այն, ինչ մնացել է Լեռնային Ղարաբաղից, պահպանում են ռուս խաղաղապահ ուժերը, չեմ կարծում, որ նոր մարտական գործողություններ կարող են լինել։ Բայց եթե նրանք հեռանան հնգամյա ժամկետից հետո, ամեն ինչ կարող է լինել», - ասել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը իրենց խոսքը կասեն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ