Последние новости

Փարամազյանն ուզում էր դատարանում ելույթ ունենալ, բայց ոչ այս դատավորի առջև․ պաշտպան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը՝ առանց Փարամազյանի ներկայության։ Պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ իր պաշտպանյալը չի վստահում նիստը վարող դատավորին՝ Արմեն Դանիելյանին։

«Փարամազյանն ուզում էր ներկա լինել, դատարանին իր խոսքն ասել, բայց քանի որ իմացավ՝ այս դատավորն է, նա որոշեց, որ չի ուզում մասնակցել, քանի որ դատական նիստն արդեն ձևական բնույթ է կրում», - ասաց Սահակյանը։

Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Արմեն Դանիելյանին՝ մի քանի պատճառներ նշելով։

«Անհասկանալի է՝ ինչպես է մեր բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին։ Մենք բարձրացրինք այս հարցը, նա ասաց, թե նախագահն է մակագրել, որևէ պատճառաբանություն չներկայացրեց։ Մենք համոզվում ենք նրանում, որ մամուլում շրջանառվող լուրերը ճիշտ են, թե ԱԱԾ-ի կողմից առգրավվել են համակարգիչները, որոնցով մակագրություն պետք է արվեր, և ըստ այդմ մակագրությունը Վերաքննիչի նախագահն է արել։ Սա փաստացի օրենքի խախտում է», - ասաց Սահակյանը։

Քաջարանի համայնքապետի պաշտպանական կողմի կարծիքով՝ դատավոր Արմեն Դանիելյանը իշխանության պատվերներ է կատարում։

«Բոլորն էլ գիտեն, որ վատագույն դատավորն է Դանիելյանը, որ իշխանության ցանկացած պատվեր կատարում է։ Եթե ինքնաբացարկի միջնորդությունը չընդունվի, մենք էլ չենք մասնակցելու մյուս նիստերին», - ասաց Սահակյանը։

Փարամազյանի պաշտպանությունը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ