Последние новости

ԿԿՀ-ը մերժել է ՄԻՊ-ի՝ ԱԽ քարտուղարի նկատմամբ վարույթ հարուցելու դիմումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմ վարույթ հարուցելու վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «ՌուսԱրմԻնֆո» լրատվական կայքին, որի տեսագրությունը հրապարակվել է Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում 2021թ. հոկտեմբերի 21-ին:

ԱԽ քարտուղարը, անդրադառնալով Արման Թաթոյանին, հարցազրույցում նշել էր.

Հեղափոխություններից հետո բազմաթիվ օղակներ հանդես են եկել որպես ընդդիմադիրներ, չնայած պետք է անաչառ լինեն՝ ՍԴ-ից սկսած, բազմաթից կառույցներով՝ վերջացրած: Եթե ոչ կառույցները, ապա դրանցում պաշտոն զբաղեցնող որոշ մարդիկ փորձել են հակահեղափոխական դիրքերից հանդես գալ, այդ պրոցեսը թեև ոչ ամբողջապես, բայց մեծամասամբ ավարտված է: Որոշ քաղաքական շրջանակներ են հայտարարություններ արել, Ձեր նշած անձն է քաղաքական հայտարարություն արել, որը հերքել է ՊՆ-ն. ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած ՄԻՊ-ը փորձել է քաղաքական տեքստեր արտահայտելով դիվիդենտներ շահել: Նրան էլ մի քանի ամիս է մնացել ավելի ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Նրա ժամկետն ավարտվում է, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, համոզված եմ, իր թեկնածուին կառաջադրի: Դուք տեսել ե՞ք նրանից որևէ անաչառ հայտարարություն, դրանք առավելապես քաղաքական են եղել, գոնե՝ հետհեղափոխական շրջանում»:

Արման Թաթոյանը մինչ այդ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ ՀՀ տարածք ամիսներ առաջ ներխուժած ադրբեջանական ուժերը ամրաշինական ու ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչը հերքել էր Պաշտպանության նախարարությունը: ՄԻՊ-ը հակադարձել էր հերքմանը՝ պնդելով, որ պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա, և որ նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով: Թաթոյանը շեշտել էր՝ «սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը»:

Արման Թաթոյանը նոյեմբերի 1-ին դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ նշելով, թե Արմեն Գրիգորյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, տեղեկացնում է News.am:

Դիմումը մերժելու համար հանձնաժողովը ներկայացրել է այն հիմնավորումը, որ Արմեն Գրիգորյանի՝ ՄԻՊ-ի վերաբերյալ արված հայտարարությունները ներառող հարցազրույցի տեսագրության՝ ԱԽ յութուբյան ալիքում տեղադրման պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրք դեռևս չի ընդունվել, հետևաբար, ըստ որոշման, հնարավոր չէ պարզել՝ խախտում առկա՞ է, թե՞ ոչ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ