Последние новости

Սպիտակ տուն․ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից, ցանկացած պահի սպասում ենք դրան

Ամերիկյան վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Կիրբին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա որոշակի տեսակի հարձակում նախաձեռնելու սպառնալիքից», - հայտնել է նա CNN հեռուստաալիքի եթերում:

Կիրբիի խոսքով՝ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը:

«Այդ պատճառով մենք կարծում ենք, որ նրանք պատրաստվում են ինչ-որ բան անել, և դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրեթե ցանկացած պահի», - հավելել է պաշտոնյան:

Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։

Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ