Последние новости

ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ․ ԵԹԵ ԱՄՆ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՈՆԳԿՈՆԳ, ԱՅՍԻՆՔՆ` ՊՐՈՏԵԿՏՈՐԱՏ, ԱՊԱ ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ

ԱՄՆ վարչակազմը փորձում է շատ բարդ խնդիրներին տալ պարզ, սխեմատիկ լուծումներ, որոնք սովորաբար չեն աշխատում. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը` մեկնաբանելով Սյունիքով անցնող ճանապարհը ամերիկյան կողմին արտապատվիրակելու գաղափարը։

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ արևմտյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը արտապատվիրակել մասնավոր ընկերության։ Դրանից օրեր անց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանով անցնող ճանապարհի տարածքը։ Հուլիսի 16-ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության հաստատեց այդ տեղեկությունները` արտապատվիրակման գործընթացը համեմատելով «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, «ՀայՓոստի» կոնցեսիոն կառավարման մոդելների հետ։ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե ՀՀ իշխանություններն ակտիվորեն քննարկում են Սյունիքով անցնող ճանապարհը ամերիկյան առաջարկով արտապատվիրակելու հարցը։

Բենիամին Պողոսյանը հիշեցնում է ռուս–ուկրաինական պատերազմը 24 ժամվա, ապա 100 օրվա ընթացքում ավարտելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ շատ արագ պայմանավորվածությունների հասնելու հայտարարությունը, որն ավարտվեց իրանա–իսրայելական 12-օրյա պատերազմով և ԱՄՆ–ի ուղիղ հարձակմամբ Իրանի վրա։

«Սա կարծես թե այս վարչակազմին բնորոշ գիծ է. շատ բարդ, էթնոքաղաքական, տասնամյակների, իսկ մեր պարագայում` հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունները, որտեղ նաև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահեր են ներգրավված, փորձել լուծել ինչ–որ պարզ բիզնես սխեմաների միջոցով` այն տեսակետից, որ ամեն ինչ ունի գին, վճարում ես, ու հարցերը լուծվում են»,– նշում է վերլուծաբանը։

Թե որքանով կհամընկնեն ՀՀ իշխանությունների` ներդրումներ ներգրավելու գաղափարը, ամերիկյան առաջարկն ու Ադրբեջանի ակնկալիքները այս ճանապարհից, Բենիամին Պողոսյանն այնքան էլ չի պատկերացնում։

«Ադրբեջանցիներին ո՛չ ամերիկացիների փողերն են հետաքրքրում, ո՛չ էլ, թե ով կկառուցի երկաթգիծը, կամ երկաթգիծը կլինի, թե չի լինի։ Իրենց պետք է ունենալ «0» վերահսկողությամբ, առանց մաքսային հսկողության միջանցք Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա։ Ամերիկացիների ասածն ու ադրբեջանցիների ուզածը չեմ պատկերացնում` ինչպես կարող են իրար հետ համադրվել։ Եթե չեն համադրվում, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիներն այդ առաջարկը քննարկեն։ Իսկ եթե համադրվում են, ապա այստեղ հարց է առաջանում` արդյոք ընդհանրապես չի լինելու անձնագրային, մաքսային ստուգում, թե՞ դա իրականացնելու են այդ մասնավոր կազմակերպության աշխատակիցները։ Եվ, եթե իրականացնելու են, ապա ի՞նչ իրավական հիմքով»,– հարցադրումներ է անում Բենիամին Պողոսյանը։

Մեր զրուցակիցը նաև արձանագրում է, որ ճանապարհը հայ–իրանական սահմանի հարևանությամբ է լինելու, և դեռ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Իրանը այն ամերիկյան վերահսկողությանը հանձնելուն։ Մյուս կողմից պարզ չէ, թե ամերիկյան մասնավոր ընկերությունն անվտանգության ապահովման ինչ իրավասություն ու երաշխիքներ է ունենալու, որպեսզի, իր բնորոշմամբ, «ադրբեջանցիները ճանապարհին մեքենայից չիջնեն ու չհարձակվեն հայերի վրա»։

ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի վարձակալության մասին խոսակցությունները Բենիամին Պողոսյանին հիշեցնում են 1898–ին Մեծ Բրիտանիայի կողմից Հոնգկոնգը 99 տարով վարձակալելու համաձայնագիրը, որն ավարտվեց 1997–ին։

«Հիմա պարզ չէ, թե ամերիկացիներն ինչ են առաջարկել։ Բայց եթե առաջարկել են Սյունիքը դարձնել Հոնգկոնգ, այսինքն` ամերիկյան պրոտեկտորատ, ապա այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում։ Եվ չմոռանանք, որ մինչև 1997թ–ը Չինաստանը չուներ որևէ ամբողջական ինքնիշխանություն Հոնգկոնգի նկատմամբ»,– արձանագրում է Պողոսյանը։

Միաժամանակ մեր զրուցակիցը չի բացառում, որ ամերիկյան կազմակերպության վերահսկողությամբ ճանապարհին Ադրբեջանը դեմ լինի։ Նրա դիտարկմամբ` որքան էլ Ադրբեջանը շահագրգիռ լինի «միջանցքի» բացման հարցում, բայց շտապելու որևէ առիթ չունի։ Նախիջևանը շրջափակման մեջ չէ, Իրանով անցնող այլընտրանքային ճանապարհը կա։ Ուստի Բաքուն կսպասի այնքան, մինչև կստանա իր պահանջած պայմանները։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ