Последние новости

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԵԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄՈԹՆ Է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրերս ԵԽ երեք պատգամավորների կողմից արված հակահայ հայտարարությանը: Նա գրել է.

«Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներն ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը, որը ժամանակին համանախագահել եմ ես, վտանգավոր և խայտառակ հակահայ հայտարարություն է տարածել։ Տպավորություն է, որ նշյալ հայտարարությունը, որտեղ Արցախը ներկայացվում է որպես օկուպացված տարածք ու շեշտվում է, որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, գրվել է Ալիևի հանգստի սենյակում։

Որպես Հայաստան-ԵՄ համագործակացության կոմիտեի նախկին համանախագահ՝ ես երբևէ չեմ հիշում նման լկտի ու հակահայ հայտարարություն այդ կոմիտեի կողմից անգամ այն ժամանակ, երբ տվյալ հանձնախմբի համանախագահը խիստ ադրբեջանամետ Սաջադ Քյարիմն էր։ Անգամ Քյարիմին մենք կարողացանք բերել հնարավորինս կառուցողական դաշտ։

Հիմա ասածս ինչ է՝ ինչ-որ անհասկանալի և անկանոն շարժումներ են սկսվել մեծամասնության քաղաքական թիմում, սկսվել է մեղավորների ու խայտառակ այս հայտարարության պատասխանատուի փնտրտուք, ու իմ տպավորությամբ մեղավոր են ուզում կարգել այդ կոմիտեի ներկայիս համանախագահ Արման Եղոյանին, ինչը առնվազն ծիծաղելի է, որովհետև այս հայտարարությունը մեր ամբողջ արտաքին քաղաքական կորպուսի դիվանագիտական ամոթն է, դաժան պարտությունը ու ես անկեղծորեն ցավում եմ սրա համար, որովհետև ավելի հակահայ հայտարարություն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։ Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների դեմ է ու հստակ հակասում է համանախագահների առաջարկությունների փաթեթին։

Հա, մի բան էլ. հանկարծ որևէ պատի տակից մի օսլայած դեմագոգ չծլի ու չասի՝ բա կորոնավիրուսի ժամանակ կարելի՞ է խոսել արտաքին քաղաքական էսպիսի անհամաչափ չափալախների մասին։

Էս լուրջ չե՞ք հասկանում նման հայտարարությունների քաղաքական հետևանքը։ Էս լուրջ չե՞ք հասկանում, որ նման հայտարարությունները գեներացվում և վերածվում են քաղաքական որոշումների։

Ինչ վերաբերում է այդ հայտարարության հեղինակ երեք եվրոպատգամավորներին, ապա վերջիններս ուղղակի պատասխանատվություն են կրելու Ադրբեջանի ռամզահռետորաբանության հերթական լկտիարցման ու լարվածության էսկալացիայի համար։

Կարծում եմ, որպես առաջին քայլ, պետք է դրվի Հայաստանի հարցով զեկուցող, Ալիևի ջեբի լոբբիստ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելու հարցը։

Ու որպեսզի պարզ լինի, թե ճիշտ, համակարգված աշխատելու, խորհրդարան, արտաքին քաղաքական գերատեսչություն և Սփյուռքի ներուժը օգտագործելու դեպքում ժամանակին մենք նույն կոմիտեի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ հայտարարություն ենք ընդունել, հրապարակում եմ նշյալ հայտարարության՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը:

Հ. Գ. Նախապես զգուշացնում եմ իշխանական ֆեյք մանուֆակտուրայի դիրեկտորին՝ իմ վրա ֆեյք իմպերիան «քսի» տալը ահավոր զվարճալի է։ Պնդում եմ ասածս՝ մեծ փախուստի ժամանակ ես անձամբ եմ «խիստ բարեկամական զրուցելու» ֆեյք ինդուստրիայի դիրեկտորի հետ։

Ասածս հանկարծ կատակ չընդունեք։

08.12.2010

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ.

Ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք; կոչ է անում բոլոր կողմերին խոսքով և գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը և ակտիվ ջանքեր գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը, և 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը:

Սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին` հիմնված Հելսինկինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների վրա:

Գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում:

Ընդգծում է 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված վերջին համատեղ հայտարարության կարևորությունը, որում նշվում է, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ:

Ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որևէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը:

Համոզմունք է հայտնում , որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծ օգուտ բերել և հակամարտության կարգավորումը այդպիսի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծի; համոզված է , որ անհրաժեշտ է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը և որ դրան ուղղված քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման համար բարենպաստ մթնոլորտի վրա:

Ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը համաձայնության գալ ուժի չկիրառման և շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ:

Ափսոսանք է հայտնում վերջերս շփման գծում տեղի ունեցած զինված աճող միջադեպերի կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսանում և կոչ է անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` այդպիսի միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ շփման գծում ուժեղացված մոնիտորինգը:

Ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Աստրախանում արված մարդասիրական ջանքերին, մասնավորապես` պատերազմի գերիների և վերջերս տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով սպանվածների դիակների փոխանակմանը վերաբերող համատեղ հայտարարությունը»:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ