Последние новости

Կորոնավիրուսն ավելացրել է հաշմանդամների խնդիրները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ արտակարգ դրության ընթացքում (մարտի 16-ից մինչև հունիսի 24-ը) միայն հաշմանդամություն ունեցող անձանցից 153 դիմում-բողոք են ստացել կորոնավիրուսի հետ կապված:

Կատարված վերլուծությունը վկայում է, հաշմանդամություն ունեցող մարդիկ հիմնականում խնդիրների են բախվում պետության կողմից անվճար դեղորայք ստանալու ժամանակ:

Ինչպես հայտնում է ՄԻՊ-ը, իրեն դիմողներից մեկը հայտնել է, որ անկողնային ռեժիմում գտնվող, հաշմանդամություն ունեցող քաղաքացուն ընտանեկան բժշկի նշանակած դեղն այլ հիվանդանոցում փոխվել է և նշանակել է այլ, առավել արդյունավետ դեղ:

Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն և ստացել հավաստում, որ այդ դեղն անվճար ստանալ հնարավոր է, իսկ մարզպետարանում ասել են, որ դեղի հարցով նրա հետ պոլիկլինկայից կապ կհաստատեն: Բայց պոլիկլինկայում տարբեր պատճառաբանություններով մեժել են քաղաքացուն՝ մեկ ասել են, թե բժիշկը գործուղման է, մեկ այլ դեպքում՝ թե դեղը հնարավոր չէ ձեռք բերել պետական գնումների գործընթացի պատճառով, երրորդ դեպքում պատճառ է բերվել, որ դեղը նշանակվել է այլ բժշկական հաստատության բժշկի կողմից, մինչդեռ իրենք դեղերն անվճար տրամադրելու համար հիմք են ընդունում միայն իրենց պոլիկլինիկայի բժշկի նշանակումը:

Այս քաշքշուկների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն այդպես էլ չի կարողացել ստանալ բժշկի նշանակած դեղը:

Հարցը լուծվել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ:

Մեկ այլ բողոքով` հաշմանդամություն ունեցող անձն անվճար դեղ ստանալու համար դիմել է բժշկական հաստատություն, սակայն այդտեղ իրեն տրամադրված սխալ իրազեկման պատճառով զրկվել է այդ դեղը ստանալու հնարավորությունից: Եվ դարձյալ հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ:

Հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք զրկվում են անհրաժեշտ բուժսպասարկման իրավունքից, քանի որ բուժհաստատություններում պատճառաբանում են, թե անհրաժեշտ թվով բուժանձնակազմ չունեն:

«Քաղաքացին, ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները»,- արձանագրում է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նշված խնդիրների լուծումների կարևոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են և բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարակը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ