Последние новости

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ. ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՏԱՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՀԱՋՈՐԴ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ Է ԿԱՌՈՒՑՎԵՆ

Երկրորդ օրն է անցել Եվրախորհրդարանի անդամների հայտարարության հրապարակումից, որոնք խիստ զայրացել են մեզ վրա՝ Հայաստանն ու Արցախը կապող երրորդ ավտոմայրուղին կառուցելու ծրագրերի համար։ Արտահայտվել են գրեթե բոլոր փորձագետները, սոցիալական ցանցերի օգտատերերը ևս չեն թաքցնում իրենց վերաբերմունքը հայտարարության երեք ստորագրյալների, ընդհանրապես Եվրախորհրդարանի և համապատասխան իշխանական կառույցների նկատմամբ։ Մեռյալ լռություն է տիրում միայն իշխանական ճամբարում. նրանցից ոչ մեկը, ում ուղղակիորեն, ծառայության բերումով վերաբերում է տվյալ հայտարարությունը, և ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում Եվրախորհրդարանի հետ աշխատանքի համար, հարկ չհամարեց ելույթ ունենալ ու պարզաբանումներ տալ։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ լռությունը չի խաթարվի։

Խոսքն առաջին հերթին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ ՀՀ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովների ղեկավարների մասին է. արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ին և կոնկրետ ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որոնք թեկուզև պակաս չափով, բայց նույնպես պատասխանատու են աղմկալի ձախողման համար, ապա գերատեսչության ղեկավարը երեկ խոսեց շատ երկար, հասցնելով անդրադառնալ բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ նախարարության աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը։ Բայց մեկ բառով անգամ չհիշատակեց այդ ընթացքում մեծ աղմուկ հարուցած հայտարարությունը։

Եվ դա հասկանալի է. մի տեսակ դժվար է համատեղել առանց այդ էլ ոչ խղճուկ աշխատավարձի բարձրացումը և անասելի վատ աշխատանքը, որի արդյունքները երևում են անզեն աչքով։ Մյուս կողմից, ներկա պայմաններում չի կարելի բացառել, որ դա այնուամենայնիվ կարվի, չնայած կանոնավորապես տրվող բարձր պարգևավճարներին, գործուղումային պատկառելի ծախսերին և տվյալ նախարարությունում աշխատելու այլ առավելություններին։

Վերադառնանք, սակայն, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ ԵԽ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելյանա Զովկոյի և Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող Տրայան Բեսեսկուի ստորագրած հայտարարությանը։ Այս երեք եվրապատգամավորները «հանկարծ» հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի և Արցախի միջև երրորդ ավտոճանապարհի շինարարության առաջիկա մեկնարկի մասին հաղորդագրության նկատմամբ և որոշեցին ստորագրել մի տեքստի տակ, որը կարող է գրված լինել միայն Բաքվում: Այդ փաստը կասկածից վեր է, քանզի այն արտահայտությունները, որոնք տեղ են գտել Եվրախորհրդարանի հովանու ներքո գրոտված պասկվիլում, նախկինում երբեք չեն օգտագործվել եվրապատգամավորների կողմից, նույնիսկ Ադրբեջանի բացահայտ գնած փաստաթղթերում: Եվրախորհրդարանի անդամները նախկինում երբեք իրենց թույլ չեն տվել այդ աստիճան նսեմանալ։

Նսեմանալ այն աստիճան, որ հանդես գան հայատյացության քաղաքականության սատարումով։ Որ հրապարակավ օժանդակեն Եվրոպական կոնվենցիայում և միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված մարդու հիմնարար իրավունքների, օրինակ՝ ազատ տեղաշարժի իրավունքի խախտմանը։ Կամ ողջունեն շրջափակումը՝ ագրեսիայի ակտը, որն արգելված է միջազգային իրավունքով։ Որ համառորեն չնկատեն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտումները , մոռանալով, որ մարդու իրավունքները համընդհանուր են և կախված չեն այն հանգամանքից, թե ինչ պետության քաղաքացի է մարդը. ճանաչված,թե չճանաչված:

Այլ կերպ ասած, էստոնացի, ռումինացի և բոսնիացի պատգամավորների ստորագրությամբ այդ հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ Մարինա Կալյուրանդը, Տրայան Բեսեսկուն և Ժելյանա Զովկոն ցուցադրաբար պաշտպանում են Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Քաղաքականություն, որը Եվրոպական խորհրդարանի՝ Եվրոպայում և աշխարհում ժողովրդավարության բաստիոններից մեկի անդամները, պետք է, հակառակը, խիստ քննադատեին և դատապարտեին։

Ի դեպ, Ժելյանա Զովկոյի պարագայում դժվար է չհիշել Բոսնիայի և Հերցեգովինայի տխրահռչակ ներկայացուցիչ Մելիցա Մարկովիչին, որը մի քանի տարի առաջ Եվրոպայի խորհրդում ողջ թափով գործում էր ընդդեմ Հայաստանի և Արցախի, իսկ հետո մերկացվեց կոռուպցիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ հանցավոր համագործակցության մեջ՝ խավիարային դիվանագիտության շրջանակներում։ Եռյակից երկրորդը՝ Ռումինիայի նախկին նախագահ Բեսեսկուն, ընդհանրապես Իլհամ Ալիևի մտերիմ ընկերն է։ Սա նշում ենք այնպես, իմիջիայլոց, որպես թեթև ակնարկ՝ մեծապատիվ եվրապատգամավորների համար հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Մեկ էլ տեսար, խավիարային դիվանագիտության թեման կրկին շտապ պետք եկավ եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար։

Ահա ուրեմն, այս երեքը համարում են, որ «մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ խախտելով միջազգային իրավունքը: Բացի այդ, այն կարող էր խորհրդանշական կերպով խորացնել Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից շրջանների ապօրինի գրավումը» ։ Ուստիև եռյակը ծանրակշիռ կեցվածքով հայտարարում է, թե դատապարտում է նախաձեռնությունը, «քանի որ այն չի օգնում ստեղծել պայմաններ, որոնք կարող են նպաստել վստահության, խաղաղության և հաշտեցման հաստատմանը»։

Այստեղից՝ առաջին հարցը եվրապատգամավորներին. համարո՞ւմ են արդյոք նրանք, որ Իլհամ Ալիևի վերջերս արած այն հայտարարությունները, թե Երևանը «հին ադրբեջանական քաղաք» է, և իրենք անպայման «կվերադարձնեն» այն, նպաստում են վստահության, խաղաղության և հաշտության հաստատմանը: Ինչպես նաև, որքանո՞վ են նպաստում նշյալ նպատակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները հարցն ուժով լուծելու և բանակցություններից հրաժարվելու պատրաստակամության մասին: Ինչպես նաև՝ որքանո՞վ է նպաստում վստահության, խաղաղության և հաշտության հաստատմանը Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների մշտական անցկացումը՝ առանց սեփական միջազգային պարտավորությունները պահպանելու:

Ցանկություն է առաջանում ինչ-որ կերպ լուսավորել եռյակին, որը կա՛մ իսպառ կտրված է տարածաշրջանային իրողություններից, կա՛մ լիովին գտնվում է Բաքվից ստացած հոնորարի գումարի տպավորության տակ. Լեռնային Ղարաբաղ-Արցախի Հանրապետությունը վաղուց արդեն առաջնորդվում է ոչ թե խորհրդանշական կատեգորիաներով, այլ Ադրբեջան ցեղասպան պետության կողմից մշտական սպառնալիքի պայմաններում գոյության դաժան իրականությամբ: Ընդ որում հայկական հանրապետությունը ոչ միայն հաջողությամբ պաշտպանում է կյանքի և անվտանգության իր իրավունքը, այլև զարգանում է ժողովրդավարական պետության նորմերին համապատասխան, ի տարբերություն Ադրբեջանի, որի նախագահը համավարակի պայմաններում է՛լ ավելի է խստացրել բռնաճնշումներն այլախոհների նկատմամբ:

Եթե մեծարգո ստորագրյալները տեղյակ չեն այդ մասին, ապա թող հարցնեն իրենց գործընկերներին, որոնք գրեթե ամեն օր հանդես են գալիս պաշտոնական Բաքվի գործողությունների դատապարտմամբ։

Այնուհետ հայտարարելով Մինսկի խմբին և 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքներին իրենց աջակցության մասին, Զովկոն, Բեսեսկուն և Կալյուրանդը կրկին խորամանկում են: Քանզի, նախ՝ նշված փաստաթղթում ներկայացված են Հելսինկյան ակտի երեք սկզբունքները. տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Երկրորդ ՝ հայտարարությունը հակասում է Մինսկի խմբի ջանքերին, և ոչ միայն նրանով, որ կանխավ որոշում է Արցախի կարգավիճակը։ Բայց գլխավորապես՝ այն պատճառով, որ եվրապատգամավորները հրապարակավ հայտարարում են, որ աջակցում են հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերին և Արցախի ժողովրդի նկատմամբ ահաբեկչության քաղաքականությանը։

Այս առնչությամբ ի հայտ է գալիս հենց մեզ համար շատ ավելի կարևոր հարց. ի՞նչ է արվել ՀՀ խորհրդարանի և ԱԳՆ-ի կողմից՝ կանխելու համար այդչափ կողմնակալ և տարածաշրջանը վտանգող հայտարարությունը։ Իշխանական դաշտում տիրող քար լռությունը ցույց է տալիս, որ բացարձակապես ՈՉԻ՛ՆՉ։ Ի՞նչ են մտադիր ձեռնարկել ԱԺ-ն ու ԱԳՆ-ը, որպեսզի չեզոքացնեն փաստաթուղթը և պահանջեն պարզել, թե ինչ և ով է կանգնած Եվրախորհրդարանի պատգամավորների այդչափ սուբյեկտիվ ու ակնհայտորեն պատվիրված դիրքորոշման հետևում։ Կրկին ՈՉԻ՞ՆՉ։ Այդ դեպքում թույլ տվեք հետաքրքրվել. ո՞րն է նման անգործության պատճառը։ Սպասում են աշխատավարձերի բարձրացման և նոր պարգևավճարների՞, որպեսզի սկսեն կատարել իրենց անմիջական պարտականությունները։ Չե՞ն կարողանում աշխատել և չե՞ն ուզում սովորել։ Համոզված են, թե խորհրդարանական դիվանագիտությունը բացառապես շքեղ ուղևորություննե՞րն են՝ ընտրողների հաշվին։ Զբաղված են միմիայն իշխանության, այլ ոչ թե պետության շահերի սպասարկմա՞մբ։

Թե՞ այս ամենը՝ միասին, գումարած ամենագլխավորը. հենց սա է Հայաստանի նոր արտաքին քաղաքականության էությունը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակով։

Եթե այդպես է, ապա այդ մարդիկ պետք է հնարավորինս շուտ ազատեն խորհրդարանի և ԱԳՆ-ի աթոռները, քանզի նրանց անգործությունը, ինչպեսև գործողությունները, իրական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։ Եվ արդեն որերորդ անգամ վկայում են եվրոպական ուղղությամբ հայկական դիվանագիտության բացարձակ ձախողման մասին, իսկ գլխավորը՝ Արցախի հարցում, որտեղ ձախողումները հաջորդում են մեկը մյուսին։ Բայց իշխանությանը դա բացարձակապես չի հուզում։

Իսկ եթե դա այդպես չէ, ապա բարի եղեք հանդես գալ համապատասխան հայտարարությամբ և քայլեր ձեռնարկել փաստաթղթի չեզոքացման ու դրա ի հայտ գալու պատճառների բացահայտման ուղղությամբ։ Չհաշված ձեր անգործությունը, իհարկե։

Վերջում հիշեցնեմ, որ Ադրբեջանի հետ Եվրամիության ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը երկար ժամանակ ձգձգվում է բացի ամենայնից նաև այն պատճառով, որ դրանում չկա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին կետը։ Եվ դա վստահորեն կարելի է համարել նախքան 2018 թվականը հայկական խորհրդարանական դիվանագիտության արժանիքը։ Կարելի է գրեթե չկասկածել, որ ամենամոտ ժամանակներս այդ կետը կհայտնվի։ Նույնքան վստահորեն կարելի է ասել, որ դա տեղի կունենա ստացած դիվանագիտական ժառանգության ապաշնորհ փոշիացման և խորհրդարանական հանձնաժողովների ու Հայաստանի Ազգային ժողովի ներկայիս կազմի ղեկավարության հանցավոր անգործության արդյունքում. գիտակցված, ծուլության կամ բացարձակ անիրազեկության հետևանքով։

Մնացած բոլորի՝ առողջ և գործուն ազգային ուժերի համար Եվրախորհրդարանի երեք անդամների հայտարարությունը պետք է դառնա ևս մեկ ապացույց, որ հույժ անհրաժեշտ է ամեն կերպ ամրապնդել Արցախի հետ Հայաստանի կապը, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ։ Եվ օպերատիվ կերպով կառուցել երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլ մայրուղիներ։ Այնքան, ինչքանն անհրաժեշտ է հայ ժողովրդի և հայոց պետականության անվտանգությունն ապահովելու համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ