Последние новости

Նախարարը հետևել է զորակոչին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 1-ին այցելել է հանրապետական հավաքակայան՝ 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախարարի մամուլի քարտուղարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքակայանում դիտարկել է զորակոչի կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:

Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:

Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հայտնել էր (Արտակ Դավթյանը հունիսի 8–ին աշխատանքից ազատման դիմում է գրել, նրան փոխարինում է Օնիկ Գասպարյանը), , որ զինված ուժերում, բարեբախտաբար, կորոնավիրուսը լայն տարածում չունի։ Նրա խոսքով` բանակում բռնկում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր գրեթե չկան, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ