Последние новости

ՀՀ դեսպանություն․ Ադրբեջանական կողմը փորձում է սահմանային լարվածությունը ՌԴ տարածք փոխանցել

Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը ՌԴ տարածք փոխանցելու և երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտ առաջացնելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հայտարարությունում։

«Այդ դրսևորումները տեղի են ունենում, մասնավորապես, Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ:

Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակմամբ, ցավոք, ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այդ սադրանքների նպատակն է՝ խաթարել Ռուսաստանում ազգամիջյան ներդաշնակության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում կոնֆկիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել:

Այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ տեղեկացրել են ՌԴ համապատասխան մարմիններին։

Մենք կարծում ենք, որ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն՝ հետագա զարգացումներից խուսափելու համար: Ռուսաստանի տարածքում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է հետևեն ՌԴ օրենքներին:

Միևնույն ժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքը զանազան սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից, մեր հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն, զսպված, չտրվել սադրանքներին և չմասնակցել տարբեր կողմերի ակցիաներին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվում են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների։

Մենք շարունակում ենք աշխատել առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստությունը պահպանելու սկզբունքին»,- ասվում է ՀՀ դեսպանության հայտարարությունում:

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Մոսկվայի ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Ավելի ուշ տեղեկություններ հրապարակվեցին, որ իրավապահները հարձակում կատարած անձանց ձերբակալել են։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ