Последние новости

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՇԱՏ ՎԱՏ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԹՎԵՐԸ ԼԻՆԵՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է

««Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է... Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։

Հարցեր, որոնք կապված են բավարար թեստավորման հարցի լուծման, հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործի տապալման և ծանր հիվանդների մահացության վիճակագրության հետ։

Հիմնական հարցը, որ ծագում է, արդյո՞ք, կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվի նվազումը պայմանավորված չէ թեստերի քանակով։ Հայաստանում շատ քիչ կորոնավիրուսային թեստեր են արվում: Վերջին տասն օրվա ընթացքում արված թեստերի վիճակագրությունը տատանվում է 1200-1800-ի միջակայքում։ Թեստերի այսպիսի քանակը չի կարող ցույց տալ իրական պատկերը։ Բազմաթիվ պետություններ, ընտրել են համատարած անվճար թեստավորման ուղին։ Այդպիսի ճանապարհ են ընտրել նաև Մոսկվայի իշխանությունները՝ հուլիսի 16-ից Մոսկվայի ցանկացած քաղաքացի կարող է անվճար կորոնավիրուսի թեստ հանձնել:

Հայաստանում մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ոչ միայն բոլոր քաղաքացիների, այլ ԲՈԼՈՐ ԿԱՍԿԱԾԵԼԻ վարակակիրների օպերատիվ թեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը։ Դա թույլ կտար՝ հենց առաջնային օղակում սկսել նրանց արագ բուժումը՝ խուսափելով հետագա հոսպիտալացումից, ռեանիմացիոն բաժանմունքում հայտնվելուց:

Բազմաթիվ մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողանում թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։ Ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած «ցուցումների», թեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է։ Արդյունքում, հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Առանց որոշակի պայմանների բավարարելու չեն թեստավորում նաև վարակակիր հիվանդների ընտանիքի անդամներին, թեև վերջիններս նույնպես կարող են լինել վարակակիր։ Նրանցից շատերը չունեն մասնավոր լաբորատորիաներ գնալու հնարավորություն (շատերը նաև չունեն նման տարրական սովորություն)։ Արդյունքում, մարդիկ, վստահելով պետությանը, չեն թեստավորվում, շարունակում են շփվել և տարածել վարակը, չեն ստանում բուժում՝ ծանրացնելով իրենց վիճակը և վտանգելով մյուսներին։

Գլխավոր հարցը, որ առաջանում է, գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա: Թե՞ տեղական արտադրության թեստերից բան դուրս չեկավ։

Դրան զուգահեռ, մամուլում եղած հրապարակումների համաձայն, որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնում, որ հիվանդանոցներում դեղերը վերջանում են կամ խնայում։ Դրա համար էլ շատ դեպքերում, հենց մարդիկ ոտքի են կանգնում, առանց կրկնակի թեստ անելու, արագ դուրս են գրում՝ տնային հսկողության։

Լուրջ ցավ և մտահոգություններ են առաջացնում մահերի թվերը: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների ցանկում է։ Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երևույթ։ Անհրաժեշտ է պարզել մահացության այդպիսի բարձր ցուցանիշների պատճառը՝ արդյոք բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Շատ կարևոր է այս հարցերի ուսումնասիրությունը և ճիշտ լուծումներ որոնելը։ Այդպես հնարավոր կլիներ փրկել բազմաթիվ հիվանդների կյանքերը։

Այն, որ կորոնավիրուսային հիվանդացության կորն իջնում է, զուտ թվերի առումով ունենք դրական դինամիկա, միայն դրական արձագանքի կարող է արժանանալ։ Մենք էլ ենք ուզում հավատալ, որ իրավիճակը բարելավվում է։ Բայց շատ ավելի վատ կլինի, եթե ներկայացվող թվերը լինեն մանիպուլյատիվ հաշվարկներ՝ նվազեցրած կամ չկատարվող թեստավորումների արդյունք։ Այդ դեպքում հետևանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան պատկերացնում ենք»:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ