Последние новости

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿՏՐԵԼ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՏՈՀՄԱԶՈՒՐԿ ԳԼՈԲԱԼԻ՞ՍՏ

«ԳԱ»-ին տված հարցազրույցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ խոսում է դպրոցական ծրագրերի նախատեսվող փոփոխությունների մասին:

-Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրերում նախատեսվող փոփոխությունները:

-Անցած ուրբաթ ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հետ անցկացրեցինք մամլո ասուլիս, որի ընթացքում մեր կարծիքն արտահայտեցինք նոր ուսումնական ծրագրերի վերաբերյալ: Բանն այն է, որ ընդհանուր պատմության երեք թե չորս մասնագետներից բաղկացած մի խումբ հանձն է առել Հայոց պատմության նոր ուսումնական ծրագիր մշակել հանրակրթական դպրոցների համար։ Ցավոք, այդ աշխատանքներում չեն ներգրավվել ո՛չ ԵՊՀ պատմության ամբիոնի մասնագետները, ո՛չ Պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի մասնագետները, ո՛չ էլ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները: Այնուհետ պարզվեց, որ այդ խումբն արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել նոր կրթական նախագիծը։ 1993 թվականից ի վեր արդեն երկրորդ անգամ տեղի են ունենում պատմության ուսումնական ծրագրերի արմատական փոփոխություններ։ Այն տարիներին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը ստեղծեցին Հայոց պատմության շատ հետաքրքիր դասագիրք։ Հետո 2009 թվականին գիտնականների արդեն նոր սերունդը նոր դասագրքեր պատրաստեց միջնակարգ և ավագ դպրոցի համար, հեղինակների թվում էինք ես և Արտակ Մովսիսյանը։ 2014-15 թվականներին այդ դասագրքերը վերահրատարակվեցին որոշ փոփոխություններով, քանի որ, ըստ Կրթության նախարարության, բովանդակության առումով դրանք չափազանց բարդ էին, և այժմ շրջանառության մեջ են դասագրքերի այդ տարբերակները։

-Ինչո՞ւ վերջերս պատրաստված ուսումնական ծրագրերը դժգոհության ալիք հարուցեցին:

-Ինչպես հավաստում է Արտակ Մովսիսյանը, նոր ուսումնական ծրագրերը պատրաստելիս օգտագործվել է ԱՄՆ-ում և Սինգապուրում ընդունված մոդելը։ Արդյունքում ուսումնական նյութը ներկայացնելիս լիովին խաթարվել է իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք դիտարկվում են մեր ժողովրդի անցյալի մասին ամբողջական պատկերացում ստեղծող պատմական հաջորդականությունից դուրս։ Խոսվում է V դարի ազատագրական շարժման, ապա 1918 թվականի իրադարձությունների մասին՝ կապված հայոց պետականության վերականգնման հետ։ Ըստ ուսումնական նոր ծրագրի՝ Հայոց պատմությունը սկսվում է ոչ թե մ.թ.ա. III հազարամյակից, այլ մ.թ.ա. IX դարից, այսինքն Ուրարտուից։ Մեր պատմության երկու հազարամյակները դուրս են նետվել ուսումնական ծրագրից։ Հարց է ծագում. ինչո՞ւ։ Ի՞նչ նպատակներ են հետապնդվում։ Միևնույն ժամանակ, ինչպես վկայում են միջդիսցիպլինար բազմամյա հետազոտությունների արդյունքները, մ.թ.ա. III հազարամյակից ի վեր Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն է ունեցել այնպիսի մշակույթ, որը կարող էր առաջանալ միայն պետականության պայմաններում, և այդ փաստն ընդունում են ոչ միայն հայրենի, այլև օտարերկրյա գիտնականները: Ի դեպ, նույն կարծիքին էր նաև Միքայել Չամչյանը, որն իր ենթադրությունները հայտնել է դեռևս XVIII դարավերջին։

Առաջարկվող ուսումնական ծրագրից ամբողջությամբ հանված են տեղեկությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական կամավորական շարժման մասին, մինչդեռ հայկական կամավորական ջոկատները կռվել են ռուսական զորքերի կազմում և ազատագրել Արևմտահայաստանի տարածքները: Բայց, ինչպես ասացի, այդ մասին նոր պատմությունը լռում է, հետո անմիջապես խոսվում է Ցեղասպանության մասին, իսկ այնուհետ դիտարկվում 1918 թվականը՝ հայոց պետականության վերականգնումը։ Ապա ցատկ է կատարվում դեպի V դար, որից հետո սկսվում է խորհրդային ժամանակի ուսումնասիրությունը: Դրանով էլ ավարտվում է Հայոց պատմության ուսումնասիրությունը նոր ծրագրով։ Մովսես Խորենացին ասել է. «Ոչ է պատմութիւն ճշմարիտ՝ առանց ժամանակագրութեան»։ Բայց հայ մեծ պատմաբանի այս պնդումը մեր ժամանակակիցներից ոմանք որոշել են անտեսել։

-Պատմության դասավանդման այս կասկածելի մոդելն օգտագործվո՞ւմ է հետխորհրդային ինչ-որ երկրների կողմից:

-Նույնը տեղի է ունենում նաև Վրաստանում, որտեղ նույնպես հրաժարվել են ժամանակագրությունից, անցյալի իրադարձությունների հետևողական շարադրումից, և վրաց ժողովրդի պատմությունը սկսել են ներկայացնել հատվածաբար ու կցկտուր։ Չգիտեմ, թե ինչու է դա գոհացնում մեր վրացի գործընկերներին, գուցե կան ինչ-որ այլ, գիտությունից հեռու խթաններ և շարժառիթներ։

-Դե ինչ, թող վրացիներն իրենք որոշեն, թե ինչ և ինչպես սովորեցնեն իրենց քաղաքացիների նոր սերնդին։ Բայց մեզ համար հայ ժողովրդի անցյալի մասին համարժեք պատկերացումների ձևավորումը ծայրաստիճան արդիական է։ Եվ հարցը միայն այն չէ, որ կիրթ մարդը պետք է համարժեք ու լիակատար պատկերացում ունենա իր ժողովրդի անցյալի մասին, հասկանա տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապերը, ճիշտ գնահատի այսօր տեղի ունեցող ամենն ու գալիք մարտահրավերները։ Երիտասարդ սերունդը պետք է պաշտպանի իր Հայրենիքը, ինչն անհնար է առանց հայրենասիրական դաստիարակության, որն անմիջականորեն կապված է պատմության իմացության հետ։

-Իհարկե, առանց մեր ժողովրդի պատմության իմացության մենք չենք կարող պահպանել հայկական ինքնությունը, հայրենասերներ դաստիարակել: Սակայն, նոր ուսումնական ծրագրի հեղինակների պնդմամբ, «հայրենասիրություն» բուն հասկացությունը խորհրդային ժամանակների մնացուկ է, իսկ ազգային ինքնությունը մոտ է ֆաշիզմին։ Ուստի առաջարկվող նոր ուսումնական նյութում «հայրենասիրություն» բառն իսպառ բացակայում է, իսկ «գլոբալիզմ» բառը հանդիպում է ավելի քան 30 անգամ։ Սակայն պետք չէ մոռանալ, որ մենք ԱՄՆ չենք, Սինգապուր չենք, մենք ապրում ենք չափազանց բարդ տարածաշրջանում, մշտական պատերազմի և շատ լուրջ իրական սպառնալիքների պայմաններում։ Ո՞վ է պաշտպանելու մեր Հայրենիքը։ Ո՞ւմ շահերն է պաշտպանելու ազգային արմատներից, իր արժանապատիվ անցյալից կտրված հայ զինվորը։ Առաջարկվող կրթական նախագծի իրականացումը ուղիղ ճանապարհ է դեպի մտավոր առումով անզոր սերնդի ձևավորում, որը զուրկ է Հայրենիքի նկատմամբ սիրուց ու նվիրվածությունից, նրան ծառայելու և իր հողն ամեն գնով պաշտպանելու պատրաստակամությունից:

Համանման վերափոխումների է ենթարկվում նաև հայ գրականության ուսումնական ծրագիրը, որից բացառվել են Գրիգոր Նարեկացին, Հովհաննես Շիրազը՝ Ցեղասպանության մասին իր ամենահայտնի պոեմով, և այլ ականավոր հայ գրողներ ու բանաստեղծներ։ Դժվար է ենթադրել, թե այդ ամենը տեղի է ունենում պատահաբար կամ հայոց պատմության ու մշակույթի մասին համարժեք պատկերացումների պահպանման կարևորությունը չհասկանալու հետևանքով։ Այստեղ ակնհայտ է Արևմուտքի ազդեցությունը, որն իր խորշելի ծրագրերն ունի։

-Իսկ ի՞նչ կարծիքի եք Հայոց Եկեղեցու պատմությունը ուսումնական ծրագրից հանելու մասին:

-Երբ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը, այդ փաստաթղթի տեքստում առհասարակ բացակայում էին Հայ Առաքելական Եկեղեցի բառերը, և միայն 10 տարի անց դրանք ներառվեցին Սահմանադրության մեջ:

-Բայց չէ՞ որ Հայ Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության և պահպանման գործում։

-Անշուշտ։ Պետականության բացակայության երկար ժամանակահատվածում Հայ Առաքելական Եկեղեցին է եղել հայ ժողովրդի միավորման գործոնը, նա է փաստացի կատարել է պետության գործառույթները, պահպանել ազգային ինքնագիտակցությունը, ինքնությունը: Նա լոկ ազգային եկեղեցի չէ։ Պատահական չէ, որ սկսած Х-ХII դարերից՝ մեր Կաթողիկոսին սկսել են կոչել Ամենայն Հայոց Կաթողիկոս. մինչ այդ նրան անվանում էին պարզապես Կաթողիկոս։ Բանն այն է, որ XI դարում Անիի թագավորության անկումից հետո պետական բոլոր գործառույթներն իր վրա վերցրեց Հայ Առաքելական Եկեղեցին և հենց նա է մի քանի դար շարունակ ղեկավարել հայոց ազգային շարժումը։ Հայաստանի պատմության համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ դեր է կատարում, որի ամրապնդումը հայերի ազգային ինքնագիտակցության մեջ ահռելի նշանակություն ունի: Կարևոր է և այն, որ դասընթացը ներառում է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլև համաշխարհային այլ կրոնների պատմությունը, և այդ գիտելիքներն անհրաժեշտ են ցանկացած կիրթ մարդու՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքի բնույթից: Ուսումնական ծրագրերի նախատեսվող փոփոխությունների իրականացումը կդառնա ոչ միայն շատ լուրջ, այլև վտանգավոր սխալ, որի հետևանքները կարող են ծայրաստիճան դրամատիկ լինել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГЕНЕТИКА: ПРОБЛЕМЫ И РЕШЕНИЯ
      2024-03-25 09:43

      В интервью «ГА» доктор биологических наук, профессор Левон ЕПИСКОПОСЯН говорит о роли генетики в нашей жизни.

    • ТАИНСТВЕННЫЙ СИЛЬФИЙ
      2024-03-18 10:51

      В интервью «ГА» старший научный сотрудник Института ботаники НАН РА, кандидат биологических наук Александр РУДОВ рассказывает о свойствах некоторых растений.

    • ЛИТИЙ: НАДЕЖДЫ И ПЕРСПЕКТИВЫ
      2024-03-11 10:18

      В последние десятилетия в связи с появлением новых технологий и расширением высокотехнологического производства резко возросла потребность в редких и редкоземельных металлах, которые находят все более широкое применение.  А это электромобили, современные компьютеры и телефоны, солнечные панели, словом, то очень многое, что нас окружает и без чего мы уже не можем представить современную жизнь. Достаточно сказать, что элементы аккумуляторов современных электромобилей содержат 20-40 кг лития. В аккумуляторах ноутбуков или телефонов лития, разумеется, меньше, но они содержат десятки различных редких металлов, а если учесть, что эти товары производятся в огромном количестве, то становится ясно, что потребность в редких металлах будет постоянно расти. Однако природные ресурсы в этом плане невелики, запасы редких и редкоземельных элементов весьма ограничены, что ставит перед человечеством новые научные и практические задачи, связанные как с поиском и введением в эксплуатацию новых месторождений, так и разработкой передовых технологий по извлечению этих металлов при низких концентрациях в рудах и водах, а также из других материалов. 

    • МАГНИТНЫЙ ЩИТ - УСЛОВИЕ ЖИЗНИ
      2024-03-09 09:39

      В интервью «ГА» доктор физико-математических наук, заведующая лабораторией земного магнетизма Института геофизики и инженерной сейсмологии им. А. Назарова НАН РА (Гюмри) Анаит СИМОНЯН говорит о значении геомагнитного поля.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ