Последние новости

ՀՀ նախագահը նույն թեկնածուին երկրորդ անգամ է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը ՀՀ նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։

Ազգային ժողովը մերժել է նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։

Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ ՀՀ նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:

Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովը մերժեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովը մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովը մերժեց 2019թ. մայիսի 29-ին:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:

Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:

Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:

Այսպիսով, ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը հստակ հայտնել էր Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն: Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»,– նշված է նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

Երեք թափուր տեղերի համար թեկնածուներ պետք է առաջադրեին ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ