Последние новости

Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի տեսնում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում: Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ հարձակում է իրականացրել, նպատակադրված չէ հակառակորդը բանակցությունների: Երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, Ստեփանակերտն ու Արցախը լինելու են ադրբեջանական, ի՞նչ քննարկենք այդ հակառակորդի հետ: Քննարկելու ցանկություն չունեմ այդպիսի նպատակներ ունեցող հակառակորդի հետ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ պետք է իրատես լինել և հասկանալ, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծման հավանականությունը մոտ ապագայում շատ ցածր է:

«Բանակի հզորացման շնորհիվ պետք է պարտադրել հակառակորդին՝ հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որոնք հնարավոր է՝ բերեն Արցախի խնդրի գոնե մասնակի լուծման»,- նշեց Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ անգամ բանակցությունների վերսկսման պարագայում հայկական կողմը չի քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ