Последние новости

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԻՐԵՆ ԵՆԹԱՐԿԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՔԻ Է ՎԵՐԱԾԵԼ

Դիմակն այնպես ֆետիշացվեց, որ բոլորին թվում է՝ եթե իրենք ինչ-որ դնչկալ դնեն, ուրեմն ապահովագրված են կորոնավիրուսից: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է հոգեբանական ազդեցությամբ մարդկանց զերծ պահել վարակից:

Դիտարկմանը՝ արդյոք հենց իշխանությանը պետք չէ հոգեբան, քանի որ հիշում ենք՝ ինչ անլուրջ էին վերաբերվում իշխանավորները կորոնավիրուսին, Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ինձ թվում է՝ իշխանությունը մտածում է՝ մենք ասում ենք, դուք անում եք: Իրենք դիմակը իրենց ենթարկեցնելու գործիքի են վերածել»:

Հարցին՝ մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսից մեծ թվով մարդիկ են մահանում, իսկ հանրությունն իներտ է իրեն պահում, ի՞նչն է պատճառը, Ավետիքյանը պատասխանել է. «Մեր հանրությունն ունի հանդուրժելու, ենթարկվելու հատկություն: Սա իսկապես մտահոգիչ է, քանի որ այս պարագայում առանց հարցադրման, առանց հարցեր տալու չի կարելի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույց ասուլիսներին՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ինձ տպավորեց Ռոբերտ Քոչարյանի առաջին հարցազրույցը՝ երեք հեռուստաընկերություններին: Մենք լսեցինք պետական մարդու խոսք, որն առանց կիրք դնելու իր խոսքի մեջ, առանց թշնամանքի հրաշալի բացատրեց երկիրը կառավարելու մեխանիզմը»:

Ավետիքյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ բացատրեց Ապրիլյան պատերազմի նշանակությունը, քանի որ այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ զուգահեռներ են անցկացնում հուլիսյան մարտերի հետ. «Ինչպե՞ս կարելի է հաղթանակները համեմատել: Եվ ի վերջո՝ երկու մարտական գործողությունները շատ տարբեր էին»:

Հարցին՝ այս իշխանությունն ունա՞կ է լսելու մարդկանց, ովքեր ճանապարհ են անցել պետականաշինության ոլորտում, Հակոբ Ավետիքյանը պատասխանել է՝ ոչ:

Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ համեմատության մեջ է նախորդ երկու նախագահների հետ, ինչին ի պատասխան Ավետիքյանը նշել է. «Եթե լսենք մեր վարչապետին ու իր շրջապատին, ապա թվում է՝ մենք երկու տարեկան ենք: Անհեթեթ է մրցել մի բանի հետ, որն անմրցելի է»:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ երկրում այսպիսի մթնոլորտ ստեղծելը մեծ սխալ էր այս իշխանության կողմից:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ