Последние новости

Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել, հանրությունից ոչինչ չի թաքցրել, իսկ կառավարության միջոցառումների արդյունավետությունը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքին դեմ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը  նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում պետության միջոցառումերի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին:

«ՀՀ կառավարությունը, ինչպես պարտավորվել էր, 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ՝ կորոնավիրուսի հարցում: Ես ուրախ եմ հանձնաժողովի ձևավորման համար, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայելը: Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր ցուցիչը, որը պետք է նայենք, մեր օրական դրական դեպքերի տոկոսային հարաբերությունն է թեստերի հետ: Մենք այսօր արդեն բավական երկար ժամանակ հասել ենք մի տոկոսի, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, որ կհասնենք այդ ցուցանիշին: Մեզ մոտ 5-6 տոկոսն են դրական դեպքերը՝ թեստերի թվի հետ համեմատած: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կան երկրներ, որոնց օրական հրապարակվող տվյալներն ուղիղ կախվածության մեջ են Հայաստանի հրապարակած տվյալներից: Ընդ որում, Հայաստանը տվյալները հրապարակում է առավոտյան, նրանք՝ երեկոյան: Փաշինյանը նշեց, թե չի կարող նման բան լինել, որ գրաֆիկները նույն կերպ սինքրոն առաջ շարժվեն:

«Մենք որդեգրել ենք հրապարակային հետևյալ սկզբունքը՝ ասել ենք, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Մենք դա արել ենք, անում ենք և ճիշտ ենք արել ռազմավարության առումով: Մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել: Այդ գործընթացքում, իհարկե, եղել են նաև թերություններ, դրա հետ կապված դիտարկումներ է արել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԺ գլխադասային հանձնաժողովը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են, որ մարդիկ դիմակ չկրեն, բացեն ամեն ինչը, չտուգանեն, կորոնավիրուս չկա: «Գալիս են, ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում: Կորոնավիրուսի ընթացքում մասնակցել են քարոզչությանը»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ