Последние новости

ԵՎՐՈՊԱՆ ԿՄՆԱ ԵՎՐՈՊԱ՝ ՄԻԱՅՆ ԵԹԵ ՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԸ

Լույս է տեսել ֆրանսիական Charlie Hebdo հանրահայտ ամսագրի հերթական համարը, որի շապիկին պատկերված են է՛լ ավելի հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեի պարուհիները՝ կտրած գլուխներով։ Մակագրությունը հետևյալն է. «Ֆրանսիան միշտ կմնա Ֆրանսիա»: Թեման Ֆրանսիայի, ինչպեսև, ասենք, ողջ Եվրոպայի համար այսօր գուցե նույնիսկ ավելի արդիական է, քան կորոնավիրուսը. Ահաբեկչական մի քանի գործողություն 10 օրում, ահաբեկչական սպառնալիքի մակարդակի աճ մի քանի երկրներում՝ Նիդեռլանդներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում... Մի շարք դեպքերում ահաբեկչություններն ուղեկցվել են արմատական իսլամիստների համար ծիսական գործողությամբ՝ գլխատումով։

Փափկասուն, վայելչատես ու չափից ավելի հանդուրժող Եվրոպան նման բանի սովոր չէ։ Դրա համար էլ նույնիսկ տեղի ունեցած ամենի խորապատկերին, վերջնականապես կատաղած Էրդողանի սանձարձակ պահվածքի խորապատկերին Ֆրանսիայի արտգործնախարարը դեռևս հույս է հայտնում, թե նա խելքի կգա և համարժեք պահվածք կցուցաբերի։ Զուր հույսեր են, պարոն Լե Դրիան: Նայեք, թե ինչ են անում այդ երկու մարդակերներն Արցախում, և կհասկանաք, եթե դեռ չեք հասկացել, թե ում հետ գործ ունեք։ Ում հետ մենք՝ հայերս, գործ ունենք արդեն 38 օր, իսկ մինչ այդ՝ 32 տարի, իսկ դրանից էլ առաջ՝ 105 տարի... Քանզի այսօր հենց Թուրքիան է գլխավորում արմատական իսլամիզմ և միջազգային ահաբեկչություն կոչեցյալ չարիքը։

Վերջին տասնամյակների ողջ ընթացքում մենք անդադար նախազգուշացրել ենք և ապացուցել Եվրոպայի ու եվրոպական ինստիտուտների աստիճանական թրքացումը։ Խոսել ենք այն մասին, թե ինչ վտանգավոր չարիք, ինչպիսի հրեշավոր վարակ է ներթափանցում միջազգային բոլոր կառույցներ՝ քայքայելով ու ոչնչացնելով դրանց բուն հիմքերը։ Մատնացույց ենք արել մեր օրինակը. պատմական՝ 100-ամյա, ոչ վաղ անցյալի՝ 32-ամյա, մոտ անցյալի՝ 4-ամյա վաղեմության իրադարձությունները։ Խոսել ենք այն մասին, որ այդ երկու ցեղասպան պետությունները մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի։

90-100 տարի անց Եվրոպայում համաձայնեցին, այն էլ ոչ բոլորը, ընդունել, որ XX դարասկզբին թուրքերն իսկապես իրականացրել են Հայոց ցեղասպանություն։ Բայց մնացած ամենի վրա համառորեն աչք էին փակում, արձագանքելով միայն այն դեպքում, եթե դա համապատասխանում էր իրենց քաղաքական շահերին։ Օրինակ, եվրոպական ինստիտուտները մինչև 1991 թվականը մի ամբողջ շարք դատապարտող բանաձևեր ընդունեցին՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում հայերի կոտորածների վերաբերյալ, դիմում էին խորհրդային ղեկավարությանը՝ պահանջելով պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ճանաչել ազատության ու Հայաստանի հետ վերամիավորման նրա իրավունքը։ Բայց բավական էր ԽՍՀՄ-ը փլուզվեր, երբ ի հայտ եկան այլ շահեր, և Եվրոպան հրաժարվեց իր նախկին դիրքորոշումից՝ հօգուտ ցինիզմի և ինքնափլուզման։

Հայաստանի և Արցախի անկախության գրեթե 30 տարիների ընթացքում ԵՄ անդամներն ու եվրոպական ինստիտուտները երեսպաշտ ու ստոր քաղաքականություն են վարել, ենթարկելով իրենց իսկ հիմնարար արժեքներն ու սկզբունքները քաղաքական, վառելիքային, գործարար, ֆինանսական, անձնական-շահադիտական և այլ շահերին։ 90-ականների և նոր հազարամյակի առաջին տասնամյակի Միավորված Եվրոպան չէր ցանկանում ոչինչ նկատել՝ նույնիսկ սեփական ինքնությունն ու մշակույթը պահպանելու համար։ Փոքրիկ Հայաստանն ու պստլիկ Արցախը, որոնք աներևակայելի գնով պաշտպանում էին կյանքի իրենց իրավունքը, Եվրոպային հետաքրքրում էին բացառապես ռուսական ազդեցությունից պոկելու համատեքստում։ «Մյուս» Եվրոպան, նրա այն մասը, որն այցելում էր Արցախ, հետաքրքրվում ու իմանում հակամարտության էությունը, կանխատեսում բոլոր վտանգներն իրենց երկրների ու ողջ մայրցամաքի համար, սակավաթիվ էր և անզոր որևէ բան փոխել։

Եվրոպական քաղաքական գործիչները, առանց մտածելու, կոճակի մեկ սեղմումով ընդունում էին փաստաթղթեր, որոնք է՛լ ավելի էին ձգում ահաբեկչության և վայրենության օղապարանը Հայաստանի ու Արցախի, հետևաբար՝ նաև հենց իրենց պարանոցին։ Եվրոպացի պատգամավորներն ագահաբար ճանկում էին ողորմությունը բռնակալների սեղանից, որոնք փայփայում ու հանգամանորեն նախապատրաստում էին ոչ միայն Արցախի, այլև Եվրոպայի զավթման ծրագրերը։ Ագահությունը, ցինիզմը, անառակությունն ու բացարձակ բարոյազրկությունը այնքան խորն էին ներթափանցել երբեմնի ժողովրդավարական կառույցներ, որ Մարդու իրավունքներն ընկալվում էին որպես դեկլարատիվ, վերացական մի բան, և նույնիսկ բազմաթիվ երկրներում տարիներ առաջ տեղի ունեցած ահաբեկչությունների շարանը չստիպեց Եվրոպային դեմքով շրջվել դեպի իրողություններ։

Մենք նրանց ցույց էինք տալիս սումգայիթյան դիահերձարանի, Բաքվի մղձավանջի, Մարաղայի ցեղասպանության սարսափելի լուսանկարները, իսկ նրանք լոկ անտարբերությամբ թափ էին տալի ձեռքն ու հայտարարում, թե նման բան չի կարող լինել և այդ ամենը մենք հորինել ենք, որովհետև մարդը նման բան անել չի կարող: Լավագույն դեպքում դաս էին տալիս մեզ, թե՝ դա եղել է անցյալում, իսկ հիմա թուրքը, իբր, դարձել է կուլտուրական ու քաղաքակիրթ։ Երբ Բուդապեշտում տեղի ունեցավ զարհուրելի սպանությունը, և հանցագործն ի լուր աշխարհի հաստատեց, որ կտրել է անմեղ երիտասարդի գլուխը միայն այն բանի համար, որ նա հայ էր, Եվրոպան կարծես թե ցնցվեց, բայց միևնույնն է, չհասկացավ, որ այդ կացինը ոչ միայն գնվել ու գործի է դրվել Եվրոպայում, այլև վերջնական արդյունքում նախատեսված է Եվրոպայի համար։ Երբ ճիվաղին ընդունեց ու առաջադրանքը կատարելու համար պարգևատրեց ավելի բարձրաստիճան ճիվաղը, Եվրոպան կուչուձիգ եկավ անհարմարության զգացումից, մի քիչ զարմացավ, ընդգծված-խիստ հանդիմանեց... հետո մոռացավ ու շարունակեց սիրալիր հյուընկալել ոճրագործ-նախագահին, սեղմել նրա ձեռքը՝ չցանկանալով նկատել, որ այդ ձեռքը մինչև արմունկն արնաթաթախ է։

Եթե անգամ թեթևակի նախատում էին ոճրագործ-նախագահին, ապա լոկ նրա համար, որ հալածում էր ցեղակից ընդդիմադիրներին, կամ էլ՝ որ քննադատության մի խոսք անգամ թույլ չէր տալիս իր հասցեին։ Ժամանակի հետ դրան էլ վարժվեցին. նավթը հոսում էր անհրաժեշտ ուղղությամբ, նավթադոլարները՝ անհրաժեշտ գրպաններ, ամեն ինչ կարգին էր։ 2016-ի ապրիլն ու հայ զինծառայողների կտրած գլուխները, ինչպեսև հայ ծերունիների կտրած ականջները նույնպես նախազգուշացում և նշանավորում չդարձան Եվրոպայի քաղաքական գործիչների ու ինստիտուտների համար, որ նույն այդ անողորմ ահաբեկիչն անխուսափելիորեն գալու է նաև իրենց տները։ Եվ որ բարբարոսի քարանձավային վայրենությունն արդեն չեն կարող սքողել ո՛չ նորաձև կոստյումները, ո՛չ անգլերենի իմացությունը, ո՛չ էլ նույնիսկ ամենաթանկարժեք օծանելիքը, որի առատությամբ փորձում է քողարկել մարդատյացության ու վանդալիզմի գարշահոտը։

Սեպտեմբերի 27-ին ամեն ինչ փոխվեց ոչ միայն հայոց աշխարհի, այլև ողջ աշխարհի համար։ Այդ թվում և առաջին հերթին՝ Եվրոպայի (և իհարկե՝ Ռուսաստանի)։ Իր զորքերի ողջ հզորությամբ, տարածաշրջան բերելով նաև մի քանի հազար պրոֆեսիոնալ մարդասպան-ահաբեկիչների, թուրքերը հարձակվեցին Արցախի վրա, ի դեմս նրա տեսնելով միայն թեթև հենահարթակ՝ այդ թվում նաև Եվրոպայի հետագա նվաճման համար։ Չէ՞ որ Էրդողանը երեք տարի առաջ Գերմանիայում իր նախընտրական միտինգների ժամանակ խոստացել էր, որ թուրքերը գրավելու են Եվրոպան և դառնալու այնտեղ տեր ու տիրական. ահա և ձեռնամուխ եղավ իր ծրագրերի իրականացմանը։ Թե՞ դուք դեռ չեք հասկացել։

Իսկ Եվրոպայում նայում էին քաղաքների ու գյուղերի ամենօրյա դաժան ռմբակոծություններին ու գնդակոծություններին, քրիստոնեական տաճարին հասցված հարվածներին, կանանց, երեխաների ու ծերերի մահվանը, ուղեղում չտեղավորվող առցանց սպանություններին, գլխատման դեպքերին և այդ ամենի հրապարակավ ցուցադրմանը ողջ աշխարհին... Մտահոգ դեմքով ծպծպացնում էին լեզուն, բանավոր վրդովվում, արտահայտում սկզբում հասարակ, իսկ հետո ծայրահեղ մտահոգություն, բայց գործել չէին շտապում: «Կույր մի՛ եղեք»,- կոչ էր անում նրանց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ մանուկ հասակում տեսողությունից զրկված Արտակ Բեգլարյանը։ Հասկացեք, որ վաղը Չարիքն ու Գազանը գալու են ձեր քաղաքներ, ձեր տաճարներ, և սպանելու են ձեզ ու կտրելու ձեր իսկ հարազատների, հարևանների և հայրենակիցների գլուխները։

«Վաղը» տևեց ընդամենը երկու-երեք շաբաթ։ Թուրքն այս անգամ որոշեց խփել միանգամից մի քանի թիրախի։ Սկզբում՝ մուրճերով զինված վայրենիների բազմություն ֆրանսիական ու ավստրիական քաղաքների փողոցներում և հարձակում բողոքի ցույց անող հայերի վրա, հետո՝ հաշվեհարդար փարիզեցի ուսուցչի նկատմամբ ու նրա գլխատում, այնուհետ՝ ահաբեկչություններ Նիսում ու Վիեննայում, հայկական հուշարձանների պղծում, գլխավոր վայրենու սանձարձակություն, սպառնալիքներ ու լկտիություն փառապանծ Ֆրանսիայի առաջին դեմքի նկատմամբ... Ի պատասխան՝ Եվրամիությունը կրկին միայն բանավոր վրդովմունք է արտահայտում և կրկին սպառնում պատժամիջոցներ կիրառել։ Բայց չի կիրառում, չնայած իր իսկ անդամների՝ Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Սլովենիայի պահանջներին։

Այս խորապատկերին Ֆրանսիան նոյեմբերի 4-ին վերջապես խիզախեց իրական և լուրջ քայլ կատարել, իր տարածքում պաշտոնապես արգելելով թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ Պատճառների թվում նշվում է, որ դրա անդամները համացանցում տարածել են բռնության կոչեր՝ հայերի ու քրդերի նկատմամբ, և ընդհարումներ նախաձեռնել՝ զենքի կիրառմամբ: Նշվում է նաև (ուշադրությո՛ւն), որ Ֆրանսիայի իշխանությունները հայտնաբերել են վարժանքի մի քանի ճամբարներ, որտեղ «Գորշ գայլերը» պատրաստականություն են անցնում բռնի բնույթի ակցիաների մասնակցելու համար:

Ի պատասխան՝ Էրդողանը ժայթքեց փսխուքի հերթական չափաբաժինը՝ խոստանալով «կոշտ պատասխան» տալ, Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը մատ թափ տվեց, թե՝ ֆրանսիական կառավարությունը պարտավոր է «պաշտպանել թուրքերի հավաքների և ինքնադրսևորման ազատությունը Ֆրանսիայում»։ Այս օրվան էլ հասավ Եվրոպան. Թուրքիան ժողովրդավարական իրավունքների և ազատությունների դասեր է տալիս նրան, իսկ դրա նախագահը հայտարարում է, թե Եվրամիության առաջնորդներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահը մտավոր բնույթի խնդիրներ ունի։ Բայց Եվրամիությունը, միևնույնն է, մերժում Է Թուրքիային զենք մատակարարելու արգելանքի վերաբերյալ Հունաստանի առաջարկը։

Մեծագույն ցանկություն է առաջանում բացականչելու. տե՛ղն է իրենց։ Բայց մի տեսակ չես կարողանում։ Դուք չէիք ուզում տեսնել այն, ինչ տեղի է ունեցել և արդեն ամեն օր տեղի է ունենում մեր հողի վրա, մեր հայրենիքում, և ստացաք Գազանին ձեր տանը։ Դուք չեք համարձակվում գալ ու տեսնել, թե ինչ է անում այդ Գազանը մեր Արցախում, որովհետև Արցախը չճանաչված պետություն է, և հետևաբար, ձեր տրամաբանությամբ՝ նրա ժողովրդի հետ կարելի է անել ինչ ասես, իսկ աշխարհը աչք կփակի դրա վրա։ Ուրեմն բացե՛ք ձեր այդ աչքերն ու համոզվեք, որ հայ տղաներն իրենց հողի վրա պաշտպանում են ձեր քաղաքակիրթ Եվրոպան, ձեր մշակույթը, ձեր արժանապատվությունը, սեփական երկրներում անվտանգ ապրելու ձեր իրավունքը: Ուրիշ էլ ինչի՞ց եք վախենում, եթե ձեր համաքաղաքացիներին արդեն գլխատում են ձեր իսկ տաճարներում, այլ ոչ թե ինչ-որ հեռավոր ու անհայտ հայկական Արցախում։

«Ֆրանսիան միշտ կմնա Ֆրանսիա»,- պնդում է Charlie Hebdo-ն։ Բայց միայն ծաղրանկարներով Ֆրանսիան չի մնա Ֆրանսիա, իսկ Եվրոպան չի մնա Եվրոպա։ Դա արդեն ակներև է նույնիսկ «ամենակույր» քաղաքական գործչին, ամենապնդաճակատ «ջայլամին» և Ստրասբուրգի ամենաճարպակալած պաշտոնյային։ Ճանաչեք Արցախը և կանգնեք հայ ժողովրդի կողքին, աջակցեք մեր ծանրագույն, բայց սրբազան պայքարին։ Ճանաչեք Արցախը և հստակ հնարավորություն կստանաք փրկելու ձեր մշակույթը, ձեր քաղաքակրթությունը։ Ճանաչեք Արցախը և փրկեք ձեզ, ձեր երեխաներին ու թոռներին։

Նրանք արդեն ձեր տանն են. հապաղումը ձեզ համար հավասարազոր է մահվան։ Մենք մեր հարցերը, հավանաբար, ինչ-որ կերպ կլուծենք, ինչպես որ լուծել ենք դարեր շարունակ. ահռելի գին վճարելով, որպեսզի չկորցնենք Աստծո մարդ մնալու իրավունքը՝ մի աշխարհում, որտեղ արդեն Գազանն է տիրում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭФФЕКТ «ИМНИМНИМИ»
      2024-03-25 09:35

      «В 2019 году некто на площади Свободы в Ереване призвал «разбить камнями» голову президенту Арцаха Бако Саакяну. Его не обвинили в массовом хулиганстве или призыве к насилию, наоборот, спустя несколько месяцев при посредничестве де-факто МИД Армении он получил подтвержденный профиль в Фейсбуке («синюю галочку»). Этим напоминанием можете ткнуть в глаза тем, кто с тупым взглядом духовно оскопленных утверждает, что похищенные Нарек и Вазген – правонарушители, а не политзаключенные, а Армения – «правовое государство». Армения не правовое государство, Армения захвачена турецкой властью, и здесь награждают тех, кто ведет пропаганду насилия против всего армянского, и наказывают тех, что выступает против всего турецкого», - написал политолог Эдгар Элбакян.

    • ПОЧЕМУ В ЕВРОПАРЛАМЕНТЕ ЗАГОВОРИЛИ ОБ «АМНИСТИИ» ПАЛАЧА АЛИЕВА АРЦАХСКИМ ЛИДЕРАМ?
      2024-03-22 10:14

      20 марта в Европарламенте состоялись обсуждения по вопросу армянских военнопленных, незаконно содержащихся в Азербайджане. На конференции, помимо евродепутатов, присутствовали и выступили армянские и международные эксперты и правозащитники, а также посол РА в Бельгии Тигран Балаян.

    • ЕДИНИЦА ИЗМЕРЕНИЯ – "СУТ НИКОЛ": КАКОВА КОНЦЕНТРАЦИЯ ЛЖИ НА 1 КВАДРАТНЫЙ "ГД"?
      2024-03-19 10:26

      Помните, как в первые годы правления "ГД" оппозиционные активисты провели кампанию "сут никол", разоблачая уже тогда обретающие, можно сказать, концептуально-стратегический характер объемы лжи представителей новой власти? С позиций нынешних реалий вранье Никола и Ко 4-5-летней давности выглядит чуть ли безвредным лепетом, хотя понятно, что основы будущей катастрофы закладывались именно тогда. Сегодня сам Пашинян и его соратники лгут уже напропалую, параллельно, по инерции, опровергая самих себя через час, два, день, неделю…

    • Хильда ЧОБОЯН: СИТУАЦИЯ В МИРЕ И РЕГИОНЕ НЕ РАСПОЛАГАЕТ К РЕЗКИМ ГЕОПОЛИТИЧЕСКИМ ПОВОРОТАМ
      2024-03-18 10:12

      В нынешних условиях крайней нестабильности для Армении совсем не время делать окончательный выбор, отказываться от России и рвать с ней отношения вместо того, чтобы воспользоваться возможностями этой страны в своих интересах», - заявила в интервью «ГА» директор Парижского центра права и урегулирования конфликтов «Кавказ» Хильда Чобоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ