ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՈՉ ՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ հայկական ազգային և պետական շահերի, ո՛չ բարոյական, ո՛չ էլ գործնական տեսանկյունից։ Սա ընդամենը պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու Փաշինյանի հերթական փորձն է։ Ընդ որում, ուղիղն ասենք, լիովին ձախողված փորձը։ Եվ ահա թե ինչու։
Առաջին հերթին հարց է ծագում. իսկ կոնկրետ ո՞վ է այդ միջազգային հանրություն կոչեցյալը։ Եթե խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և մի քանի այլ երկրների մասին է, որոնք համարում էին, թե Հայաստանը բռնազավթել է Ղարաբաղը և պարտավոր է հրաժարվել 90-ականների սկզբին Արցախի անկախության համար մղված ազգային-ազատագրական պայքարի արդյունքներից, ապա այստեղ գուցեև Փաշինյանն իրավացի է։ Կարելի է ասել որ որոշ երկրների հետ մենք հակամարտել ենք Արցախի անկախության հողի վրա։ Բայց հաստատ ոչ միջազգային ողջ հանրության, որը միշտ խնդիրը համարել է վիճելի և փոխզիջումային ուղիներ է փնտրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։ Միջազգային հանրությունը փոխզիջում էր փնտրում միջազգային իրավունքի երկու հիմնարար և հավասարազոր սկզբունքների միջև. տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի։ Եվ եթե համարելու լինենք, թե Հայաստանը «հակամարտում էր միջազգային հանրության դեմ», ապա Ադրբեջանն էլ նույնն էր անում, մերժելով ազգերի ինքնորոշման իրավունքը։
Ի դեպ, Փաշինյանի հայտարարությունը կարելի է ձախողված համարել նաև այլ պատճառով։ Եվ այդպիսին է դա հենց իր համար։ Իրականում նա, ցանկանալով պատասխանատվությունը գցել իր նախորդների վրա, ըստ էության բարձրացրեց նրանց պատվո պատվանդանին։ Համաձայն իր իսկ տրամաբանության, գրեթե քառորդ դար շարունակ Հայաստանն այնքան հզոր երկիր է եղել, որ հաջողացրել է դիմակայել ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ համաշխարհային հանրությանը։ Քառորդ դար շարունակ, չնայած (ըստ իր վարկածի) ողջ աշխարհի առարկությանը, դե ֆակտո Արցախի Հանրապետությունը զարգացել և դե-յուրե ճանաչման է ձգտել։ Ընդ որում՝ բավական մեծ հաջողությամբ, ինչի մասին է վկայում, օրինակ, Արցախի անկախության ընդունումը Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմնի կողմից։ Հետաքրքիր է, ուրուգվայցիների՞ն նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, թե «ինչ-ինչ ուժեր խրախուսել են մեզ»։
ՀԱԿԱՌԱԿ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ, հայկական կողմին այնուամենայնիվ հաջողվել է պաշտպանել իր դիրքորոշումը բանակցային հարթակներում և մարտի դաշտում։ Համաձայնեք, միայն ուժեղ, հզոր պետությունն է ընդունակ մեկ երրորդ դար «հակամարտել» միջազգային ողջ հանրության դեմ և չխոնարհվել նրա ճնշման տակ։ Ուստի, հետևելով կրկին իսկ Փաշինյանի տրամաբանությանը, միանգամայն բնական հարց է ծագում. այդ ի՞նչ պատահեց, որ Հայաստանը մեկ երրորդ դար կարող էր «հակամարտել ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային հանրության դեմ», իսկ հիմա համարում է դա «անխելամիտ»։ Պատասխանը պարզ է. այդ ողջ ժամանակ պետության ղեկին էին մարդիկ, որոնք պատրաստ և ընդունակ էին պաշտպանել հայկական ազգային շահերը այս աշխարհի հզորների առջև։ Իսկ հետո վրա հասավ «թավիշը», և Հայաստանը կորցրեց իր ներուժն ու դիմադրելու կարողությունը։ Դա կարելի է անվանել ինչ կերպ ասես, բայց միայն ո՛չ խելամտություն։ Դժվար թե խելամտություն է տարածաշրջանում և աշխարհում իր դիրքորոշումը երկար, համառորեն ու հաջողությամբ առաջ տարած երկրին հասցնել մի վիճակի, երբ ավելի գերադասելի է ընդհանրապես հրաժարվել այդ դիրքորոշումից։
Ամեն դեպքում Փաշինյանի տվյալ հայտարարությունը արժանի է հայ հասարակայնության առանձնահատուկ ուշադրությանը։ Ինչպես ասում են, բնավ ամեն օր չէ Փաշինյանը խոստովանում, որ մինչ իր իշխանության գալը հայկական պետությունները տիրապետում էին այնպիսի հզորության, որ նրանց հետ հաշվի էին նստում ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը։