ԱՅՍԻՆՔՆ ՃԻՇՏ ԷՐ ԱՆՈՒՄ, ԵՐԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԷՐ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Եվ նրանք, ովքեր հավաքվել էին հրապարակում, հավատում էին իրեն ու գնում իր հետևից, ինչպես որ Հայաստանում էին հավատում նրանք, ովքեր տվել էին իրենց ձայները: Իսկ դա նրա համար գլխավորն էր։
Այսինքն՝ ճիշտ էր անում, երբ վերընտրվելու համար 2021-ի ընտրություններից առաջ խոսում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին։ Եվ մարդիկ հավատում էին նրան ու իրենց ձայնը տալիս նրա կուսակցությանը:
Իսկ հետո, երբ կրկին իշխանության եկավ, ասաց՝ Արցախը Ադրբեջան է։ Դրանով իսկ դավաճանելով Ստեփանակերտի հրապարակում իրեն հավատացողներին։ Դավաճանելով 2021-ի հունիսին Հայաստանում իր օգտին քվեարկողների սպասելիքներին։ Դավաճանելով, ի վերջո, ինքն իրեն: Հանուն ինչի՞: Իշխանությունը պահպանելու։
Հիմա հանգիստ քնում է, ասում՝ հայրենիքը այն պետությունն է, որտեղ ապրում եք, անկախ նրանից, թե որտեղ եք ծնվել՝ Ստեփանակերտում, թե Հադրութում։ Առանց աչք թարթելու հայտարարում է, թե «Արևմտյան Հայաստան» ասելով՝ խոցում ենք թուրքերի քնքուշ հոգին, որոնց նախնիները կազմակերպել են աշխարհի կողմից ճանաչված Ցեղասպանությունը…
Ինչ-որ բանի շուրջ կատակում է եղբայր Ալիևի հետ, քծնանքով ժպտում մյուս եղբորը՝ Էրդողանին, փոխարենը ընտրողին հաճոյանալու համար աշխատասենյակում նստած կրճատում է ծառայողական մեքենաների ցուցակները և ձեռքի հետ էլ որոշում, թե պատգամավորներից ով պիտի հիմա վայր դնի մանդատը, իսկ ով կարող է մի քիչ էլ նստել, ով պիտի ղեկավարի դատական համակարգը, իսկ ում է պետք հանգստի ուղարկել…
Լուծում է հարցեր, որոնք լուծելն օրենքով արգելված է իրեն, քանի որ դատական իշխանությունը մեզ մոտ տարանջատված է գործադիրից։ Բայց դա այնպես, ձևական բան է, քանզի թե ով պիտի ղեկավարի դատական իշխանությունը, իսկ ով՝ ոչ, իրականում մեզանում վճռում է այն մարդը, որն իրեն տալու ոչ մի հարց այլևս չունի. հապա փորձիր հակառակվել։
ԻՇԽՈՂ ԹԻՄԻՑ ԱՅՆ Ո՞Վ ԷՐ ԱՍՈՒՄ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է։ Արարատ Միրզոյա՞նը։ Բաստիոնը շատ խարխուլ գտնվեց, կարելի է ասել՝ ավերակ։ Քանի որ Փաշինյանի վերջին հարցազրույցը լավ ձեռնարկ է բոլոր ժամանակների և ժողովուրդների բռնապետների համար. ինչպես արդարացնել սեփական ձախողումներն ու հակաիրավական գործողությունները և վախի մեջ պահել թիմին։ Մեր վարչապետը կարող է գիրք գրել այդ թեմայով, Կարնեգին կնախանձի կյանքի փորձով հաստատված նրա խորհուրդներին։
Փաշինյանն ասում է, թե այն ամենը, ինչ անում է. սկսած Ալիևին իր անվերջանալի զիջումներից, վերջացրած բռնապետական վարքուբարքով ու ամոթալի խրատախոսություններով, նրա համար է, որ թույլ չտա հայկական պետականության կորուստը…
Իրականում հայկական պետականության կորստի վտանգ իսկապես կա, բայց դա ի հայտ եկավ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Իսկ երբ այսօր Փաշինյանը խոսում է պետության շահերի մասին, պետք է հասկանալ, որ պետություն ասելով՝ նկատի ունի սեփական անձը։ Եվ այդ դեպքում նա իրավացի է, քանզի անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի չկորցնի իշխանությունը։