Логотип

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ. ՈՎՔԵՐ ՔԻՉ ԵՆ, ՆՐԱՆՑ ՇԱՏ ՏԱԼ

Փաշինյանի խոսքերով, ներկայումս Հայաստանի տնտեսության գործերը լավ են ընթանում, բյուջեինը՝ նույնպես, և կարող է հարց առաջանալ. ուրեմն ինչո՞ւ են թոշակները բարձրանում ընդամենը 3 հազար դրամով: Եվ իր իսկ հարցին Փաշինյանը պատասխանում է շատ պարզ. «Մի բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար»։ Տրամաբանությունը, իհարկե, երկաթբետոնե է։ Ճիշտ է, կա մի փոքր նրբերանգ։ Դա (տրամաբանությունը) բացատրում է, թե ինչու է դժվար բարձրացնել երկրի 595 հազար քաղաքացիների կենսաթոշակները 3000-ից ավելի դրամով, բայց չի բացատրում, թե որն է հազար այլ քաղաքացիների աշխատավարձի էական բարձրացման անհրաժեշտությունը։ Ինչո՞վ է այդ հազարն արժանացել իր նկատմամբ պետության հատուկ վերաբերմունքն։ Բացի սակավաթվությունից, այդ կատեգորիան, ըստ էության, պետք է ունենա էլի ինչոր արժանիքներ։ Բայց… Նրանք պարզապես քիչ են, դրա համար էլ շատ են վարձատրվում: Ահա, ըստ էության, Հայաստանի կառավարության տրամաբանությունը։

Ի դեպ, կա ևս մեկ փաստարկ, որին այս հարցում հղում է անում Փաշինյանը։ Միանգամայն արդարացիորեն նա պնդում է. « թոշակ բարձրացնելիս՝ կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ այդքան թոշակ պետք է տա»։ Հասկանալի է, որ այս ձևակերպմամբ նկատի է առնվում, որ եթե կենսաթոշակները շատ կապված լինեն տնտեսական հաջողությունների հետ, ապա վաղը հաջողություններ կարող են և չլինել, իսկ թոշակներն արդեն չես իջեցնի։ Ահա և ապահովագրում է իրեն, թե իբր՝ կառավարությունն իր մոտեցումները դիտարկում է երկարաժամկետ հեռանկարում։ Բայց կրկին իսկ բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու է այդ մոտեցումը վերաբերում միայն կենսաթոշակներին և թոշակառուներին:

Ինչ է, եթե վաղը տնտեսական բավարար աճ չլինի, ապա կարող են իջեցվե՞լ, ասենք, դատավորների, պաշտոնյաների կամ ոստիկանության աշխատողների աշխատավարձերը: Իհարկե՝ ոչ։ Ինչպես կենսաթոշակների, այնպես էլ արտոնյալ կատեգորիաների աշխատավարձերի ու հավելավճարների աճը, ասենք այսպես, անշրջելի գործընթաց է։ Իսկ դա (գործընթացը) այս կառավարության կողմից ապահովվում է բնավ ոչ տնտեսական աճի և պետության սեփական եկամուտների ավելացման հաշվին։ Դրա համար գոյություն ունի պարզագույն սխեմա. վարկեր և պետական պարտքի ավելացում։

Այս առումով թավշե կառավարությունն իսկապես հասել է ահռելի բարձունքների։ Հինգ տարվա ընթացքում նա հաջողացրել է ավելացնել պետական պարտքը 57 տոկոսով։ Եթե 2017-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,9 միլիարդ դոլար, ապա այս տարվա ապրիլի վերջին հասել է 10,9 միլիարդի։ Թավշե ժամանակահատվածում երկրի պետական պարտքն աճել է ավելի քան 4 միլիարդով, ընդ որում վարկերը հիմնականում վերցրել են պետական բյուջեի ֆինանսական օժանդակության համար:

Ընթացիկ տարեսկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, թե բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱով Հայաստանը շուտով կհասնի 6700-6800 դոլար ցուցանիշին և կհավասարվի Արևելյան Եվրոպայի որոշ երկրների: Այո, ցուցանիշն իսկապես պատկառելի է: Բայց այ եվրոպական երկրների հետ համեմատությունները, ուղիղն ասենք, անհեթեթ են։ ՀՆԱի աճն այնտեղ իրենց վրա զգում են քաղաքացիների ոչ միայն այն կատեգորիաները, որոնք սակավաթիվ են, ինչպես ընդունված է թավշե Հայաստանում։ Դե, և թոշակառուների նկատմամբ վերաբերմունքն էլ այնտեղ փոքր-ինչ այլ է…