Логотип

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ

ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ Է ԼԻՆԵԼՈՒ ԲՆԱՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ։ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանը հայտնեց, որ «Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը»։ Նույնպիսի հրավեր, որից չի կարելի հրաժարվել, ստացել է նաև Ադրբեջանը։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի. «Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեցին սահմանազատել, բանակցություններ վարեցին կալանավորների փոխանակման շուրջ և ազդարարեցին, որ առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել»։

Հարկ է ենթադրել, որ ՆԱՏՕի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում տեղի է ունենալու նաև բանակցությունների հերթական փուլը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև՝ Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ, որը կողմերի տարաձայնությունները վերացնելու, նրանց խաղաղության մղելու հերթական փորձը կձեռնարկի:

Երևանին համոզելու կարիք առանձնապես չի լինի, նա պատրաստ է հաշտության պայմանագիր կնքել թեկուզ այս պահին՝ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Այլ հարց է Բաքուն։ Ալիևը մտադիր չէ շտապել։ Մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով ՄԱԿի գագաթաժողովը Ալիևն ակնկալում է զիջումների հերթական չափաբաժինը ստանալ Երևանից. ևս մեկ «սահմանազատում» ադրբեջանական կանոններով, Հայաստանի Սահմանադրության փոփոխում, գումարած այդ ամենին՝ Երևանի հրաժարում միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։

Ինչպես հավաստում են տարբեր աղբյուրներ, այդ պահանջն ամրագրված է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներում։ Ի պատասխան հարցումներին՝ ՀՀ ԱԳՆ այդ պնդումները չհերքեց, նախընտրելով խուսափողական ձևակերպումներ։

Միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից Երևանի հրաժարման պահանջն Ալիևին պետք է, որպեսզի Արցախն ընդմիշտ ամրակցի Ադրբեջանին, որպեսզի այլևս ոչ ոք չբարձրացնի Արցախի, արցախցիների վերադարձի հարցը, չենք խոսում արդեն ավելի մեծ բաների մասին։ Այլ կերպ ասած, Բաքուն մտադիր է ստորագրել ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Հայաստանի կապիտուլյացիայի ևս մեկ ակտ։ Անվերապահ կապիտուլյացիայի։

ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅՑԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ, ԴԱՏԵԼՈՎ ԱՄԵՆԻՑ, ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ։ Ըստ երևույթին, ուզում է պարզել Վաշինգտոնի դիրքորոշումը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս ՕԲրայընի Բաքու կատարած վերջին այցից հետո, որը հանդիպումներ է ունեցել ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ:

Փաշինյանի թիմն ապրում է այն հույսով, թե ՕԲրայընին հաջողվել է հանգեցնել Բաքվին այն մտքին, որ լրացուցիչ պայմաններ չներկայացնի Երևանին, բավարարվի նրանով, ինչը Փաշինյանն արդեն հանձնել է, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕի գագաթնաժողովի ընթացքում կամրապնդի այդ դիրքորոշումը՝ փաստարկավորելով դա նրանով, որ Ալիևն արդեն պետք է խղճա Փաշինյանին, իբր՝ նրա վիճակն առանց այդ էլ ծանր է։

Սակայն Վաշինգտոնի դիրքորոշումը փոքր-ինչ այլ է. շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի շարունակի Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու գործընթացը։ Եվ եթե կարճ ճանապարհը Ալիևի պայմանների բավարարումն է, ապա Վաշինգտոնում կոլորեն ավելի շուտ ոչ թե Բայրամովի, այլ Միրզոյանի թևերը։ Քանզի ԲաքուԵրևան զույգից հենց վերջինս է թույլ, Վաշինգտոնից անչափ կախված օղակը։ Մանավանդ որ Երևանն ինքն էլ՝ հանձին Փաշինյանի, դեմ չէ մեկընդմիշտ ազատվել ավելորդ գլխացավանքից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տեսքով։

Իհարկե, Փաշինյանի խնդիրը հեշտացնելու համար պետք կլինի էլի փող տալ նրան։ Տալ այնքան, որքան անհրաժեշտ է Հայաստանում գործընթացները վերահսկելու, Վաշինգտոնի ծրագրերը կյանքի կոչելու համար։ Հայաստանը փոքր երկիր է, ծախսերը մեծ չեն, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու խնդրի համեմատ, կարելի է ասել՝ չնչին։ Վաշինգտոնը ժլատություն չի անի «30 արծաթի» հարցում, որը թույլ կտա Փաշինյանին ու իր թիմին խաչել դիմադրության օջախը՝ ի դեմս Բագրատ արքեպիսկոպոսի և նրա գլխավորած Շարժման։

Սցենարը կազմած է: Ինչպես պատմում էր ՕԲրայընը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո կարելի է ընդհուպ զբաղվել «Զանգեզուրի միջանցքի» բացման Ալիև-Էրդողան ծրագրի կենսագործմամբ, որը կկապի Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի, այլ ոչ թե Իրանի միջով։

Միջանցք, որը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ Վաշինգտոնի վերահսկողության տակ, միջանցք, որն էապես կնվազեցնի Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Նախապես պետք է հայիրանական սահմանից հեռացնել ռուս սահմանապահներին և փոխարինել նրանց եվրոպական համապատասխան կառույցով։ Բայց սրանք արդեն Վաշինգտոնի մեծ խաղի առանձին կետերն են։