Логотип

ԵՐՐՈՐԴ ՃԳՆԱԺԱՄ

Ի՞ՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱ ԴԻՄԱՑ։ Իշխող թիմը վստահեցնում է, թե անվտանգության լրացուցիչ երաշխիքներ՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու մասին Բաքվի ստորագրած փաստաթղթի տեսքով

Բաքվի հերթական «ազնիվ խոսքը»։ Թե ինչ արժեք ունեն այդ «ազնիվ խոսքերը»՝ գիտենք։ Գիտենք, թե ինչ արժեք ունի բոլոր ռազմագերիներին վերադարձնելու Բաքվի «ազնիվ խոսքը», Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու Բաքվի «ազնիվ խոսքը», Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն ապահովելու Բաքվի «ազնիվ խոսքը»։ Այնպես որ առանձնակի հույսեր տածել չարժե. Բաքուն կամրանա նոր տարածքներում և կհրամցնի պահանջների հերթական չափաբաժինը։

Միգուցե Փաշինյանը հույսը դրել է միջազգային երաշխիքների և միջազգային իրավունքի՞ վրա։ Արցախում էթնիկ զտումից, այլ շրջաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք տարածքների բռնազավթումից հետո Բաքվին նոր տարածքներ հանձնելու Փաշինյանի որոշումն արդեն ողջունել են Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՄԱԿի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Իսկ «սահմանազատման» մասին Երևանի և Բաքվի համաձայնագրի հրապարակումից բառացիորեն ժամեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Մեծ յոթնյակը։ ԱՄՆի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարեցին կողմերի հավատարմության կարևորության մասին 1991 թվականի ԱլմաԱթայի հռչակագրին, որի վրա էլ հենվում է Փաշինյանը՝ Բաքվին հանձնելով նոր տարածքներ։ Ահա թե ինչ հզոր աջակցություն է ապահովել իր համար Փաշինյանը՝ համաձայնելով Բաքվի պահանջներին։ Հասկանալի է , որ նման աջակցության խորապատկերին Տավուշի և ողջ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների կարծիքն առավել քան երկրորդական գործոն է։

Ի դեպ, նշենք, որ Փաշինյանի որոշումը ողջունում են, ինչպես տեսնում ենք, նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանի վարչապետը Գրանադայում ստորագրել է հայտնի հայտարարությունը, որով այնքա՜ն հպարտանում էր, մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առանձնահատուկ նշելով, թե Գրանադայում անկլավների մասին խոսք անգամ չի եղելԱյսօր Արայիկ Հարությունյանին «պատիվ» է վիճակվել լինելու Երևանի հերթական զիջման օգտին քարոզողների առաջին շարքերում։ Ուրեմն, գուցե Փաշինյանն ապավիում է Արևմուտքի լայն աջակցությա՞նը։ Ինչոր միջազգային երաշխիքների՞ն։ Միջազգային իրավունքի՞ն։

Այդ ամենը Բաքվի համար նշանակություն չունի։ Դա ապացուցված է փորձով, նրանով, թե ինչպես է Բաքուն կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները, ինչպես է կատարել 09.11.2020 թ. Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես է Բաքուն «կատարել» Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿի Միջազգային դատարանի որոշումը

Ինչո՞ւ է Արևմուտքն աջակցում Փաշինյանին։ Որքան ավելին է զիջում Փաշինյանը, այնքան ամրապնդվում են տարածաշրջանում թուրքադրբեջանական տանդեմի դիրքերը, և հակառակը՝ թուլանում Ռուսաստանի դիրքերը։ Ամեն ինչ շատ պարզ է. որքան ավելի թույլ է Հայաստանը, այնքան թույլ են Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, այնքան ավելի է խորանում ճգնաժամը հայռուսական հարաբերություններում։ Եվ այնքան ավելի են աճում Փաշինյանի հնարավորությունները՝ կատարելու գլխավոր խնդիրը. Ռուսաստանի դերի զրոյացումը տարածաշրջանում։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» մոտեցրել են Հայաստանը նոր ու ավելի մեծ ճգնաժամի շեմին, թվով երրորդին՝ 44-օրյա պատերազմից և Արցախում էթնիկ զտումներից հետո: Ավելի ստույգ ասած՝ Փաշինյանի ջանքերով Հայաստանն արդեն հատել է երրորդ, ավելի մեծ ճգնաժամի շեմը։