Առաջատար ռուսական ԶԼՄ-ները՝ վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի առաջադրումը

Առաջատար ռուսական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ընդդիմության կողմից վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի առաջադրումը:

Մասնավորապես, «Վեդոմոստի»-ն հիշեցնում է, որ Մանուկյանը Լեռնային Ղարաբաղի անկախության համար շարժման հիմնադիրներից մեկն է. «1990-1991 թվականներին եղել է անկախ Հայաստանի կառավարության առաջին ղեկավար, 1992-1993 թվականներին զբաղեցրել է երկրի ՊՆ ղեկավարի պաշտոնը և ղեկավարել Հանրապետության Ռազմարդյունաբերական համալիրը: Հայկական զինված ուժերի հիմնադիրներից մեկնէ: Պաշտոնաթողությունից հետո զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ»:

«TVC» հեռուստաալիքը նշում է, որ «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են միավորվել և «Հայրենիքի փրկության խորհուրդ» ձևավորել, որը երկիրը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նպատակներից մեկն է հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդ որում, ընդդիմության միակ թեկնածուն դարձել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Եթե այդ փոփոխությունը կայանա, ապա «Փրկության խորհուրդը» չի ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմանը»:

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ 2020 թվականին հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին: Պարբերականը մեջբերում է նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, ով հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ չեղարկել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, եթե հասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: «Մենք չենք հայտարարել, որ կչեղարկենք հայտարարությունը»,-ասել է Վանեցյանը: Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանն «ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի Հայաստանը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ և խնդիրներ լուծի, որոնց այսօր բախվել ենք»՞

«Հայաստանի ընդդիմությունն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին: Նա Վազգեն Մանուկյանն է՝ երկրի առաջին վարչապետը և նախկին պաշտպանության նախարարը: Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրից հետո Հայաստանում մասշտաբային բողոքի ակցիաներ սկսվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլը բնակիչներն ընդունեցին որպես դավաճանություն: Այժմ երկրում ռազմական դրություն է գործում, որը չեն չեղարկել՝ չնայած նրան, որ մարտական գործողություններն ավարտվել են: Այդ պատճառով պաշտոնապես վարչապետին փոխելն անհնար է:

Սակայն ընդդիմությունը մտադիր չէ կանգ առնել, իսկ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Ինչպես ակնկալվում է, ելույթ կունենա Վազգեն Մանուկյանը և կներկայացնի ընդդիմության ծրագիրը: Քաղաքական գործիչը հակամարտության թեժ փուլում քննադատում էր Փաշինյանի կառավարությունն ու պահանջում նրա հրաժարականը»,-հայտնում է «ՆՏՎ»-ն:  

News.am